Էջ:Barpa Khachik.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վի մասը, ուր բոլոր կեռասենիները ծաղկեր էին։ Բարպան այդ սպիտակափառ ծառերու առաջ մնաց շնչասպառ, և անիկա անմիջապես որոշեց ինքն ալ տուն մը վարձել Մըդոնի մեջ և ընտանիքով հաստատվիլ այնտեղ։


Բարպան իր դիտավորությունը հայտնեց Հանրիին, որ ոչ միայն քաջալերեց Բարպան, այլև խոստացավ հարմար բնակարան մը գտնել իրեն համար։


Ամեն ինչ կհրապուրեր Բարպան, ծաղիկներու հոտը, անտառի մերձավորությունը, որուն մացառուտները կհայտնվեին ամեն փողոցի անկյունե, և Բարպան հրճվանքով կերևակայեր ամառնային օրերը, երբ այդ բոլորը կդալարնար, երբ այդ մացառուտի նման չոր ճյուղերը կհագվեին կանանչով. անիկա հոգեկան զմայլանքով կլսեր թռչուններու ճիչերը և նույնիսկ հաճույքով կհիշեր ճամփուն վրա հանդիպած խոտերը, որոնք իրենց վտիտ քիստերը կցցեին։ Մաքուր և զով օդը, որուն մեջ արևի ճաճանչները ավելի ազատորեն կիջնեին, հանդիպած սակավաթիվ մարդկանց հանգիստ երևույթը, որոնք կիրակիի այդ արևագեղ առավոտին մեջ դանդաղորեն կքալեին և կբարևեին իրենց, այդ բոլորը, բայց, մանավանդ, լռությունը, հրապուրեց Բարպան։ Դեռ կարծես անոր ականջներուն մեջ մնացեր էր քաղաքի ամեհի աղմուկը, բայց և միևնույն ատեն բնության ծոցին մեջ կզգար բզզացող լռությունը։


Հանրիին կինը, տիկին Սյուզանը, բարձրահասակ և արդեն տարեց կին էր, որուն ալեխառն մազերը՝ գագաթին վրա երկուքի բաժնված, զույգ վարագույրներու պես կիջնային քունքերուն վրա և կեսբոլորակ գիծեր կազմելով՝ կերթային կմիանային ծոծրակին վրա։ Անիկա հագված էր երկար թևերով կապույտ բրդեղեն հագուստ, որուն վրա կկրեր ճերմակի վրա ճերմակով ասեղնագործված օձիքը և թևնոցները։ Անիկա կխոսեր արագ– արագ, իրանը քիչ մը առաջ հակած, և նույնիսկ ամենապարզ բաները ըսած ատեն կարծես կճառեր։ Հանրիի քույրը, չափազանց թուխ, մազոտ, գիրուկ դեմքով, իր մանր աչքերով անդադար, բայց համակրանքով կհետազոտեր Բարպային։


Ճաշի միջոցին Հանրիի աղջիկները սպասարկեցին սեղա-