Էջ:Barpa Khachik.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը: Ճաշը պարզ էր և առատ, բայց, բացի գարեջուրը, ուրիշ խմիչք չի կար։ Արդեն կիները միայն ջուր կխմեին, թայց փոխնիփոխ հոգ կտանեին, որ Բարպայի բաժակը միշտ լեցուն ըլլար գարեջուրով: Հանրին, նախ, խոսեցավ իր բանջարանոցի մասին, որուն արդյունքը կվայելեին սեղանին վրա, և հետո պտղատու ծառերու, բայց մանավանդ, կեռասենիներու մասին, որ Հանրիի հպարտությունը կկազմեին:


- Երբ պտուղները հասուննան, անպատճառ կուգաք,– ըսավ Հանրին,— միասին կքաղենք…


- Բայց, Հանրի, քանի որ պարոնը Մըդոն պիտի բնակի, մինչև կեռասներու հասուննալը հաճախ կուգա մեզ մոտ…


Ամենքն ալ կարծես զարմացած էին, որ արմենիենը– այդ թառը իրենց մտքին մեջ կհամապատասխաներ տարօրինակ և թշվառ բանի մը—սովորական մարդ էր, ճիշտ է, տարիքեն առաջ ծերացած, բայց վերջապես կուտեր, կխոսեր իրենց նման։ Բարպայի խաժ աչքերը քաղցրությամբ լեցուն էին, և անիկա շնորհակալությամբ կնայեր ամենուն, ինչպես մեկը, որ առանձնապես իր սեղանակիցներուն պարտական է այդ օրվա կրած կազդուրիչ տպավորությունները:


Ճաշի վերջավորության տիկին Սյուզանը փորձեց հարցուփորձել Բարպան տարագրության միջոցին տեսած և լսած բաներու մասին։


Բայց Բարպան հանկարծ ապաստանեցավ գրեթե համրության մեջ, հազիվ թե իր շրթունքներեն դուրս կելլեին միավանկեր։ Անիկա չէր ուզեր հիշել և վերապրիլ իմպերիալիստական պատերազմի այդ օրերը, որոնք առանձնապես դաժան եղեր էին իր երկրին մեջ։ Բայց Հանրիի կինը համառորեն կուղղեր հարցումներ և հետո ինքը խոսեցավ վերածնունդի շրջանին Ֆրանսիայի բողոքականներու կրած հալածանքներու մասին և հայտնեց, որ Բարթողումեոսյան գիշերին էր, որ իր ընտանիքի այն ժամանակվա անդամները մեծ թիվով զոհեր տվեր էին։


- Խնդիրը այն է,— ըսավ Հանրին,— որ ամեն երկրի մեջ և ամեն ժամանակներուն եղեր են մարդ-գազաններ: