Էջ:Barpa Khachik.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յորկին պահեր էր իր Բրոկա փողոցի սենյակը, և Միհրանն ալ տեղափոխվեր էր անոր քով։ Երկու երիտասարդները ամեն կիրակի կուգային Մըդոն և օրը կանցընեին Բարպայի և Վիկաորյայի հետ։ Ամբողջ շաբաթվան ընթացքին թե՛ Վիկտորյան և թե՛ Բարպան կսպասեին և կպատրաստվեին կիրակի օրվան և հաճախ կխոսեին այդ մասին։


Աս կիրակի աղվոր ժիգո մը պիտի պատրաստեմ, —

կըսեր Վիկտորյան։ — ճագարի սիվե մը ընես, ի՞նչպես կըլլա, Միհրանը շատ կսիրե կոր։


Վիկտորյան չարաճճիորեն կժպտեր։ Հաճախ Բարպան իր փափագը կատարել տալու համար կդիմեր այդ անուղղակի միջոցին։


Երբեմն ալ Միհրանը անակնկալ կերպով կուգար շաբաթվան մեջ իրիկուն մը, և այդ կըլլար մեծ ուրախություն Բարպայի և կնոջը համար։


Վիկտորյան կարտորար, չէր գիտեր ինչ հնարել հաճույք պատճաոելու համար։ Անիկա գիրցեր էր և զգալի կերպով պառավեր, բայց մազերուն մեջ դեռ սպիտակ թելերը չէին գերակշռեր։ Անոր գիրուկ դեմքը հասուն պտուղի տպավորություն կըներ, որուն վրա գեղեցիկ և փայլուն կմնային անոր սև աչքերը, և նայվածքը սրտառուչ էր։ Թեթև շնչասպառություն մը կզգար, երբ կշտապեր իր շարժումներուն մեջ, բայց կարևորություն չէր տար և կմերժեր այլևս բժշկի դիմել։ Երբ առաջին անգամ բրոնխիտի մը առիթով բժիշկը այցելության եկեր էր, ըսեր էր, թե պետք չէ, որ Վիկտորյան բնակի անտառի մերձավորության մեջ, որուն խոնավությունը վնաս էր անոր։


Վիկտորյան այդ կարծիքը ծածկեր էր Բարպայեն, քանի որ այդպիսով Մըդոն-Վալ-Ֆլերի բնակությունը, որ անսահման հաճույք կպաճառեր Բարպային, պիտի թունավորվեր, եթե նույնիսկ չհեռանային այդ տեղեն։


Վիկտորյան երջանիկ էր, թեև դողահար երջանկությամբ մը. անիկա սրտին խորքին մեջ վախ ուներ, որ իրենց հանգիստ կյանքը որևէ բանով կրնար խանգարվիլ… Բայց ի՜նչ բանով, անիկա չէր կրնար նախատեսել։ Երբեմն անհիմն