այրիի դժնե կյանքն անհետացած, մեռած կերևար իրեն համար։ Երբեմն իր հեշտ մրափեն կարթննար, աչքերը կբանար ու կմրմնջեր անլսելի շունչով մը։
— Իրա՜վ, ալ Պետոին հետ մեկ անկողինի մեջ պիտի պառկինք… — կամչնար այս մտածումին համար ու տեսակ մը ամոթով ծերերուն կնայեր։
Համբոն ընդմիջեց մեկեն․
— Հարս, կկաթե նորեն։
— Ո՛չ, աղա, — ընդմիջեց պառավ Բրաբը։
Հարսը մունջ էր․
— Լողած օրեդ ի վեր չի կաթիր։
Ծերուկ Համբոն քաշեց մեջքին իր հսկա նկարուն, փայտե ծխափողը, տեղավորեց ծխախոտը մեջը, վառեց ու հանդարտորեն քաշել սկսավ, աչքերը կիսախուփ։ Երեքն ալ կլռեին ու երեքն ալ միևնույն երազով կօրորվեի։ Հովը փեղկված պատուհան մը կծեծեր, ու հյուղը կսարսեր։ Երբեմն փուխերիկեն ներս կվազեր զվարթ, անհասկանալի աղաղակներ ձգելով ու ծուխի հոսանք մը տարածելով սենյակին մեջ՝ կհեռանար։
— Հարս, կովերին խոտ տվի՞ր աս իրիկուն, էծերը կաթ կուտա՞ն, — ձայնեց ծերուկը։
Հարսը ցնցվեցավ ու ամոթահար գլխի հավաստող շարժում ըրավ։ Բրաբ գլուխը կառաձգեր, ժպտուն՝ երբեմն աչքերը կբանար հարսին վրա։
Ծերունի Համբոն ծխամորճը կարմիր գոտիին անցուց ու աղտոտ շալվարին ծալքերը շոյեց, ապա քանի մը ցախեր նետեց մարող օճախի մեջ, ծունկի եկավ, փչեց ու մեներգեց առույգ շունչով մը․
Լեռնեն, ձորեն կանցնիս կուգաս տուն, իմ յար,
Քեզի նման ղումբի չունեմ ես, ու յար։
Երգն ընդմիջեց՝ ըսելով․
— էս ի՞նչ, էս ի՞նչ ցուրտ, հարս, ղզըմ, եկու, թողլուխներս հանե։ Գոհար ցատկեց ու գույնզգույն բուրդե գուլպային շարժուն մասը քակեց: Համբոն չդիմացավ, համբուրից հարսին այտերը կուշտ ու ականջին ըսավ հատիկ, հատիկ․
— Հարս, զավակս, էրիկդ վաղը կամ էնդի օր կուգա։
Գոհար հաղթական հեռացավ, վեր առավ անկյունը կուտված անկողիններու սև ծածկոցը, երկու բազմոց տարածեց գետինը, տեղավորեց