Առանց ծածկոցի բարձերը, այծի մազե հյուսված երկու շալեր նետեց անկողիններուն վրա:
Համբոն քաշեց Բրաբի թևն ուժգնորեն:
Բրաբ վեր ցատկեց, հասկցավ ամուսինին նշանը, ու երկու ծերուկները մեկ անկողինի մեջ քով քովի տարածվեցան:
Գոհար ալ քակեց էնթարիին կոճակները ու Խորասանի գոտին:
Հովը մոլեգնորեն կսարսեր հյուղը:
Մարող կրակները հազիվ մաշած վարդագույն մը կքսեին օճախի սև անկյուններուն վրա:
Հյուղը կմրափեր:
Ոտքի հարված մը հյուղին դուռը ցնցեց:
Հարվածը կրկնվեցավ:
Գոհարի ետին դարձավ շվաբած:
Ոտքի երրորդ հարված մը հյուղն որմերեն ցնցեց ու կորդ տաճկերենով գոչեց սարսռացող ձայն մը.
— Բացե՛ք դուռը,բացե՛ք շուտ,շա՛ն ծնունդներ:
Երկու մրափող ծերերը ոստում մը ըրին վեր:Համբոն քաշեց հաստ փայտ մը ու սպառնալից դուռին մոտեցավ՝ գոչելով.
— Ո՞վ է ատ, չենք կրնար ընդունիլ:
Վերջին հարված մը թռցուց նիգը,ու դռնակն ընկրկեցավ: Համբոն, Բրաբն ու Գոհար լեղապատառ անկյուն մը սեղմվեցան իրարու մոտ: Սպառազեն անծանոթ մը ներս մտավ, ցասկոտ հայհուչներով եամշին նետեց գետին,հրացանը տեղավորեց պատին ,օճախին մոտ ուղղվեցավ ու զզվանքով կրկնեց.
— Մի՛ վախնաք, վախկոտ հայեր, բան չկա, եկեք:
Ծերուկ Համբոն մոտեցավ անծանոթին ու հարցուց.
—Ին՞չ կուզեք մենե:
—Ոչի՛նչ, — կրկնեց դաժան նորեկը, — հոս գիշերել կուզեմ, վաղն առտու կերթամ. քիչ մը կերակուր ինձի, սանկ համով բան մը ըլլա, ընկերներես զատվեցա,հոս ինկա սխալ ճամփով, ինձի կըսեն էշզիա Հասո:
—Հասո՜... — հեկեկացին երեք տնեցիներ:
Հասո քանի մը կոճղ նետեց օջախի մեջ ու հարեց.
—Այո, Հասո, Հասո, էշզիա Հասո:
Հարսն և Բրաբ կծկտեցան անկյունը:
Համբոն բերավ սեր, չորթան, թութ, սերկևիլ մը դրավ էշզիային առջև հարգանքով ու նստավ ձեռքերը բարևած:
—Գյավուր, ուրիշ բան մը չունի՞ս, — սուլեց Հասոն:
—Ոչի՛նչ, պեկ, աստված վկա: