Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Վարժապե՜տ, ի՞նչ է այս,- հետաքրքրվեցավ Սրապ աղան վախի մտերմությունով:

Վարժապետը չխոսեցավ: Հեռվեն անորոշ գոչյուններ կուգային:

-Պապանձած է,- հարեց Սրապ սրտմտությունով:

-Ձգե՛, ձգե՛, Սրապ, վախը ոսկորներուն է անցեր, մուկ է կտրեր, մահը մահ է, այ մարդ, սանկ մեռնիլ, նանկ մեռնիլ՝ մեկ է, - կրկնեց Գաբիկ աղան ու շարունակեց, - աշխարհքի վրա ո՞վ ունիս, վարժապետ, մեկ գլուխ, մեկ... Ուժգին պայթյուն մը ծերուկին խոսքը կասեցուց: Բնազդով հինգերն ալ վեր ցատկեցին:

-Ի՞նչ է աս...- սոսկումի աղաղակով ձայնեցին:

Կրկին պայթյուններ, ավելի որոշ, ավելի չոր, ու փողի աղետալի, երկարաձիգ վանկեր, որոնք քոնաքի մոտեն կուգային:

-Մեռա՜նք,- գոչեց Մանկու չելեպի ու ինկավ գունատ սետիրին վրա:

Վարժապետը դեպի ի հրապարակ վազեց, շնչասպառ վերադարձավ ու գրեթե հրամայեց.

-Վե՛ր ելեք, վե՛ր, վերնահարկը, կուգան այլազգիները, շու՛տ, շու՛տ:

Բոլորն ալ հնազանդեցան դերիներու պես: Վարժապետը ուժգին գոցեց սրճարանին կիսաբաց դուռն ու երկաթը ամրացուց: Սրճարանին մեջ գիշերը տևեց Հուշիկ ինքն ալ վեր բարձրացավ խարխուլ, շարժուն սանդուխեն, որ դեպի առաստաղին մուտքը կտաներ ու զայն ոտքով գետին գլորեց: Երեք աղաներուն սիրտին զարկը տխուր մթնոլորտին մեջ որոշ կըլլար: Սրճեփը կուլար բաներ մը հեծկլտալով:

-Դե մի՛ լար, դուն մեզ պիտի մատնես,- մրմջեց վարժապետը,

Դուրսը զենքերը կորոտային,երթևեկը կերագվեր, ու հեռավոր աղեկտուր ձայները կընդհատվեին. սուրեր կային շաչող մոտերը:

-Կջարդե՛ն հայերը, վա՜խ, աս ի՞նչ ճակատագիր, աս ի՞նչ բախտ, պիտի մեռնի՞նք, - հառաչեց Գաբիկ աղան:

Զենքերը միշտ ավելի ուժգին կպայթեին, որ պոռչտուքները հասկընալի ըլլալուն չափ մոտերեն կուգային: Կատաղի խուժպն մը կհոսեր հրապարակ, ուր զենքի ձայներ, հայհուչ, պայթում, պաղատանք՝ դժոխային մթնոլորտ մը կշինեին սարսռուն սրճարանին շուրջ: Անհամար բերաններ իոռնային որոշ՝սրճարանեն քիչ հեռու:

-Զարկեք կյավուրները, զարկեք,մի խնայեք, անոնց մալերը, կիներն ու աղջիկները ձեզի հալալ... Բռնաբարեցեք, կողոպտեցեք հանուն Մարգարեի: