Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեր ողորմյա՜, — գոչեց պառավը խաչակնքելով։

Փոքրիկն արթնցավ երկչոտ,շվարած։

—Երկրաշարժ կա, — գոչեց Օհանջան քանի մը քայլ դռան մոտենալով։

Մելիքենց Հեղնան ձգեց մազերուն խիտ,սև, երկար խուրձը։Հուզումի ձայներ կշարունակվեին լսվիլ բարձր և հետզհետե ավելի որոշ։

—Բան մը, չարիք մը պատահած է Սեթենց, — աղաչեց մանկամարդ կինը, — անոնց ձայներն են։ Վազե, օգնության հասիր։

Ճիչերն ընդհատ կելլեին լուռ պահերե վերջ։ Ցուրտեն դոփացող մարդիկ կային դուրսը։

— Հասիր, աստծու սիրուն, — կրկնեց պառավը՝ ոտքի ելլելու ճիգով մը,— տղամարդ չունին տունը։ Գուգորը գյուղեն առտվան դեմ կուգա, Օհանջան։

Օհանջան դուռը բացավ, փուք մը սառույցի կտորի մը պես բակին մեջ տարածվեցավ։

Երկու վայրկյան վերջ վերադարձավ ցասկոտ դիմագծերով, երերցնելով գլուխը հեգնորեն, գրեթե հայհոյելով։

— Սեթենց տան պարտեզի վրայի ժեռեն փրթած խոշոր քար մը դեպի ձոր գլորեր է։ Ամենն ալ դուրս լեցված են։

— Պետք է հոս բերել,— տիրական շեշտով վճռեց պառավը,— Հեղնա, գնա շուտ հոս բեր զիրենք։

Օհանջան սարսուռ մը ունեցավ, զզվանքի արտահայտություններով մը իր կանոնավոր դիմագծերը ծամածռեց․ քանի մը կոճղ նետեց թոնիրին մեջ մարմրող։ Հետո նստավ անխոս, դալկացավ, հիվանդի մը նման, աթոռակի մը վրան։

Ցուրտն անտանելի կըլլար։

Քանի մը րոպե վերջ գեղանի մանկամարդ աղջիկ մը, երկու կիներ,տղա մը ներս կմտնեին։Հեղնա ասոնք թոնիրի մոտ տեղավորեց․ կդողային, և լուռին մեջ կլսվեր ակռաներու կակավիլը։ Օհանջան գաղտուկ, անհամարձակ կդիտեր արտասովոր այս հյուրերը։ Իր այնքան ատած այս ընտանիքն իր տանը մեջ։ Կատեր զանոնք, բայց տակավ կգթար աղոնց վրա, հին սեր մը կծներ։

— Շուշան, աղջիկս, վնասվեցավ տունը։

— Աստված ազատեց։ Անցյալ ըլլա,— անձկությամբ վրա բերավ գրացուհին՝ կիսադեմքը դարձուց պառավին կողմը, պատասխանեց երկչոտ։

— Բան չկա, վնաս չունինք, բայց վախցանք։ Տունը խոտի մը պես ևրերաց։