Վիշտը անսահման չի կրնար ըլլալ,որքան որ հեռանանք մեր մեկնակետեն, այնքան դեմքերը կարեկիր կըլլան և շարժումները՝ եղբայրական:Խարտիշահեր դրացուհիներս ալ՝ նախ մեղմ, հետո ավելի շեշտ խոսվտիլ կսկսին: Հասկցա, ի՛նչ հրճվանք, ֆրանսուհիներ են, ատիկա կզգացվի իրենց շեշտերեն: Հիմա կրկնապես հաճելի են ինձ: Նորեն դղրդալի աղմուկ մը. կամուրջ մը, երկու բառ, ահա երրորդ մը ու ահա փապուղին, հանկարծահուս գիշերային մթությունը, ընդհանուր զարմացական նոթ մը՝ «ա՜հ...», հետո վերեն ժայթքող էլեկտրական լույսերու շռայլ բոսորին ազդեցության տակ հրճվալից հևք մը... հիմա ինձ անանկ կթվի, որ բոլորս ալ իրարու կմոտենանք, արդեն բարեկամներ ենք, վաղնջական ծանոթներ՝ միասին ապրած: Ահա օրվան լույսին մեջ նորենք: Անտառներուն ընդգրկող մթականաչն է հիմա, մարդ մը փայտ կկտրե. անհետ արահետեն ձի մը կելլե դանդաղորեն, կին մը կհետևի անոր: Ալ չիկան...
Կցկտուր տպավորություններու աշխարհք մըն է այս կառաշարը: Ամեն բան կխոսափի, կշարժի, կդառնա: Ծառերը կպարեն, կարծես իրար համար կվազվզեն: Ահա ջրվեժ մը փրփրահոսան ու շառաչուն... Հրաշալի ջրվեժ արդեն անհայտ: Արտաքին իրերով ծնող մտածումներս այդ իրիկուն նման կցկտուր կմնան, շատ անգամ կվիճեն ու մերթ կայծակնաշող կփախին ուղեղիս մթության ալուց մեջ՝ հավետ առեղծված...
... Դառնամ նորեն իմ սիրուն ընկերուհիներուս. արագության այս խաղերը վերջ չունին: Խոսակցություն կբարձրանա ամեն կողմե: Ես, քիչ առաջ այդ լսող անձերուն հետ խոսիլ, խեղկատակել կուզեի՝ հիմա բաղձանք մը ունիմ... Ունկնդրել իրենց ու երազել այս հարաշարժ շրջապատին մեջ երերուն, տևական, հավիտենական բաներու՝ Հայրենիքի, օճախի ու անոնց սիրո մը վրա: Փորձեմ... Բայց սա մարդերեն մին իմ կատակասեր բարեկամիս շատ կնմանի, այսքան նմանությո՜ւն, զարմանալի է... Ահա բարեկամս, որ տանս փողոցեն կանցնի խնդուն, ահա սևագլուխ, ցնդած պառավներս ալ պատուհաններուն մոտ և Հայու կամ Հույնի պարմանուհիները՝ ժպտուն կամ մելանգոլիք՝ դռներուն առջև: Կրկին դաշտերու մեջ ինկանք: Հեռուն քաղաք մը կոլորադարձի իր ծխնելույզներով: Հովիվ մը իր գառներով արոտին վրա է: Հովվերգություն բառը կերկնեմ... Ու հիմար բան կնշուլե միտքս. «Չե՞մ կրնար Հովվերգություն ունենալ սա սիրուն դրացիներես կրտսերին հետ>>: Խոսի՞մ արդյոք, բայց ի՞նչ պատրվակ բռնել: Կժատիմ ու երբեք ժպիտ մեկեն կքաղեմ: Մեկը քաղվելու բան մը չէ, անշուշտ: Ի՜նչ հոգ, կյանքի մեջ երբ ամեն բարիք անխառն է: Գերմանացիներս կխնդան անընդհատ, իրենց ծիծաղը վարակիչ է, մեկուն խոսք մը, ուրիշին ակնարկություն մը կընեն ու հեռուն, անկյունը կրոնականներեն անգամ կհաճին ժպտիլ: Անոցմե մեկը շատ հաճախ, չարաշուք կերպով իմ կողմ: