Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձրև մը կիջնե․ այլ զովությունն ախորժելի է։ Կհետևիմ քաշտիներու դանդաղ ու սրսփուն գնացքին՝ ջրանցքեն։

Շրջիկները կմտնեն ու կելլեն․ հեռացողները քիչ մը հոգնած ու ջղային շարժումներ ունին, կհորանջեն ալ, դյուրին բան չէ քանի մը ժամերու մեջ տեսնել, վայլել, հասկնալ,ինչ որ դարերը հազիվ կրցան արտադրել՝ ի մի հավաքել․․․ Ու մանավանդ դժվար է անիծյալ Պետեքըրներու՝ ուղեցույց գիրք, մանր տողերու ու նանիր ցուցումներուն հետևիր։

Այս ամենուն մեջ հայկական ոչինչ կա, և ես հայ եմ․․․ Այս քաղաքը երբեմն իր պերճ, մերազնյա գաղութն ուներ, իր ժամը․ ու մանավանդ հոս էր, որ Ոսկանը իր տառապանքին ու անսվաղությանն ի գին Աստվածաշունչի հայ տպագրությունն ի լույս բերավ․․․ Հեգ Մեծ Հայ․․․

Ուր է իր գերեզմանը․ միակ փափազս զայն գտնելն է ու խոնարհիլ անոր առաջ․․․

1910, օգոստոս։

Դանուբի տպավորություններ

Գետի մը ջուրերուն վրա։

Փոքրիկ նավը համրավոր հոսանուտին դեմ կվազե ժամերե ի վեր իր տևական սարսուռին կմիանա տղմուտ ալյակներու վատույժ շշուկը։

Նոր է ինփ համար ճամբան, բայց չեմ ունենա զգայությունը, զոր անսովորեն կուգա։ Երկրաձգված պտույտի մը, զբոսական դեգերումի մը պատրանքն է այս, որ ռումեն ցածանիստ դաշտավայրերու ու պուլկար բլուրներու միօրինակության տաղտուկը կբերե։

Շուրջս ճամփորդներ կշարժին, կխոսակցին, կխնդան կամ կերգեն․ քիչեր՝ հենած նավորմին, կերազեն կամ հոսող ջուրը կդիտեն։ Թոլսթոյի նմանող պուլկարներ կան, ազգային տարազով, մեծ ընչացքով, առքենի հունգարացիներ, ռումեններ․ ուրիշներ, որոնց ազգության ծանոթ չեմ․․․ թերևս հրեաներ։

Եզերքները զուգահեռ՝ մեղմորեն կերթան մեր կողերեն․ ջրային գորշ կանաչ ուռիներով հովանավոր անոնց ետին՝ դաշտին կամ բլուրներու վրա գյուղեր կերևան ծառաստաններուն գիրկը, զանգակատուններու սուր գագաթները կհայտնվին ու կխորառուզվին քիչ վերջ։ Գետին ուղիղ գիծը կբեկի, նավն անոր կհետևի։ Ահա հնավուրց ամրոցներու բեկորները։

«Թերևս իմ նախախայհայերուս հանճարին ծնունդ», կխորհիմ։