Դյութանքը շուտով կմարի, սակայն՝ վերջալույսի հապճեպ հրաժեշտը գետի մը վրա:
Շոգենավը մեղմորեն կսահի հոսանքին դեմ ու գիշերին.գետը մթին ցամաքներու ընդմեջ, լուսեղեն-շփոթ՝ այլ անրջային աղիի մը նման կերկարի, գողունի սպրդում մըն է մեր նավունը՝ մեքենական տրոփյուններով ընդհատված:
Ջուրերուն ձայնն ավելի զով է հիմա ու վազքը՝ հզոր: Իրենց զրույցին ականջ կուտամ. անբացատրելի զրույց, զոր հին դարերե ի վեր Դանուբ կերգե:
-Մոնսյուեո, Երկաթի Դռներեն կանցնինք,- կըսե ձայն մը:
- Մերսի...
Սև, վերասլաց սարերու կիրճերուն մեջ ենք: Արշավող ջուրերու փոսփորային ու ժանեկավոր խաղերուն վրա, խոժոռ և անլույս երկնքին տակ:
Դանուբ կերգե երկաթե դռներուն մեջ. զսպված մռունչ մըն է այդ երգը, որ աղաղակ չըլար. անոպա սահանքը, մարմինը պրկող լեռներու կողերեն վիրավոր՝ կվազե, կեռա, հորձանոտ գալարումով կուգա իր վրիժակները կոտրել նավուն կաղերուն վրա, որ զորավոր սարսուռներով կցնցվի, այլ միշտ կընթանա: Գիշերային Դանուբի այս Հովիտը լի է ծեծկվող ջուբերու ու դեպի ծով արշավող հուսանուտին կատաղությամբ. տարտամ կոչեր կուգան, իբր թե քարայրներու մեջ բանտված հսկաներ իրենց շղթաները ժայռերուն բախեին:
Գետին խոսքն է այս գիշերներու մութին...
Կտրտմի մարդ, կսարսռա, բայց ծովու մենության աղաղակներուն տված զահանդումը չի զգար: Շատ մոտիկ, եզերքներու վրա քթթող լույսեր կան՝ դեղին աչքերը ցամաքին:
- Գետին վտանգավոր մասն անցանք,- կըսե մեկը:
- Այո՛, ուրախ եմ,- կպատասխանե անձկությամբ լեցուն ռուս աղջիկ մը կցկտուր ֆրանսերենով... Ամեն հուզում կդադրի քիչ հետո: Խաղաղ, անտարբեր կիսալուսի մը մեջ ծրարված Դանուբը հազիվ կզգացնե իր խաղացքը:
Օրշովը հասանք: Եղևինի սևավարս անտառներուն ստորոտը կցկված շքեղ օթևան է այս, ուր հանգստանալ պետք է գիշերվա մնացած մասը: