Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճակատագրին: Գալով այրի Ալմաստին, Լևոնի մոր, այդ եսասեր ու դաժան համարված կնոջ՝ ոչինչ կա եսական ու դաժան անոր մեջ: Մտախաբություն մը է, որ կունենանք այդպես դատելով: Այդ կնոջ մեջ բան մը միայն կա՝ Հայտնատեսություն, բառին իրական առումով: Ծնողական անտեղիտալի սեր մը կա այդ սիրտին մեջ, որ կղգա, զգալե ավելի բան մը կընե. կտեսնե որոշ այն ուղին, ուրկե դեպի կործանում պիտի երթա տղան: Եթե կարգիլե Լևոնը թատրոն, օբերա երթալե, նվագելե, պատճառը արվեստի ատելությունը չէ, այլ այդ ճամբով անվրեպ փճացումը մեկ հատիկ զավակին: Ան միշտ կկրկնե. «Նա գնում է Հոր ճանապարհով»: Ու Ալմաստ չէր վրիպած իր Հայտնատեսության մեջ, իրավ տղան հոր ճամբով գնաց:

Պատմվածքներե վերջ կհասնինք Շիրվանզադեի վեպերուն: Ոչ մեկ պատվար իրարմե կբաժնե սեռի այս բաժանումները: Եթե վիպակներու, պատկերներու պատմվածքներու անձուկ մթնոլորտին մեջ պրպտվող խնդիրները սեղմ են, եթե ատոնց մեջ կշարժին սահմանափակ, երբեմն նույնիսկ մեկ կամ երկու տիպարներ, այդ չի նշանակեր, թե կա էական տարբերություն մը ըմբռնումի, տիպարներու ու գրական արվեստի Շիրվանզադեի վեպին ու պատվածքին մեջ: Երբե՜ք: Վեպը բնական ընդլայնումը եղած է իր փոքր գրվածներուն, և հակադարձաբար: Շիրվանզադեի վեպերը տարածումներ են բազմակողմանի, բազմատիպար ու հետևաբար՝ ընդհանրապես ավելի խոր իր մանր գրվածներ են: Այդպես պիտի ըսեմ նաև թատրերգությանց համար: Ամեն բանե առաջ իրապաշտ ու առարկայական գրող, Շիրվանզադեն միայն իրականության զորեղ ըմբռնումը ունի:

Սեմպոլը, ձգտականությունը (tendance), խանդավառորեն փաստված թեզը իրեն համար չեն, ու հոն իսկ, ուր թեզ մը կա տրված, այդ կրկին իրական կյանքեն քաղված է: Ինք տրված խնդիրներուն անկախ դիտողն է և ոչ իսկ մեկ անգամ անոնց ջատագովը: Այս պայմաններուն մեջ էական տարբերություն մը չի կրնար ըլլալ և չիկա Շիրվանզադեի փոքր կտորներուն, վեպերուն ու թատրերգությանց մեջ: Տարբերությունը ծավալին, տիպարներու այլազանության, վիպական կառուցվածքի մեջ կմնա:

ԱՐԱՄԲԻ-ն բարացուցական վեպ մըն է, տեսակ մը athese գրված, որուն մեջ ամուսնութողության հարցը և այդ խնդրին շուրջ հյուսվող նախապաշարումները կընդլայնվին: