Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմական հին դեպքերե, որոնց տիպարներուն, միջավայրին լիակատար ուսումնասիրությունն ալ պակսած է հեղինակներուն:

Շիրվանզադեի թատերական առաջին գործերեն մին եղած է ԵՎԳԻՆԵ_ն: Եվգինեն կնոջ և այր մարդուն միջև գտնված ընկերային անհավասարության և ատկե առաջացած վերքերուն մեկ համադրույթն է: Ալվերդյան փաստաբանը ամուսնացած է համեստ ընտանիքի մը աղջկան՝ Եվգինեի հետ: Ալվերդյան երջանիկ է Եվգինեով, որ փափուկ է, զգայուն ու բավական զարգացած: Երջանկությունն անխառն պիտի չըլլա: Եղելություն մը պիտի վեր ի վայր դարձնե հանդարտ ընտանիքը: Բաքվի մեջ Առաքել Արաբաջյան մը, անհնարին խստություններ ընելով, ստիպված էր իր կինը անձնասպան ըլլալ, որովհետև այդ կինը ազնվությունը ունեցեր է աղջկության շրջանի իր մեկ սիրո հարաբերությունը պատմել: Նաև այդ կինը ծնկաչոք ներեղություն է խնդրել:

Արդ, Եվգինեն ալ ունեցած է ատանկ սեր մը տարիներ առաջ: Հոս կսկսի Եվգինեի հոգեկան պայքարը. երբեմն, ամուսնության սկզբի ատենները, չէր սիրած Ալվերդյանը, հիմա, որ բուռն կերպով կսիրե, հա՜րկ է, որ խաբե զայն, անցյալի այդ արարը չի պատմե անոր: Եվգինեն կհայտնե եղելությունը: Ալվերդյան կայլայլվի, կխոսվի ու ամեն բան մոռացած՝ կիյնա խոր մելամաղձության մեջ: Ալվերդյանի քույրը, Մարթան, կստիպի զինք բաժնվիլ Եվգինեն, իսկ իր ներքին ձայնը նպաստավոր է Եվգինեին, մինչ Վարսամյանն ալ, Միհրանի եղբորորդին՝ կստիպե ներել կնոջը: Վերջին գեղեցիկ տեսարանի մը մեջ Եվգինեն մեկնիլ կուզեր: Միհրան ներել որոշած է ու պիտի ջանա մոռանալ անցյալը: Կինը կըսե.

«-Դու երբեք չես մոռնար...

Ու հետո կավելցնե.

-Ներել գուցե կարողանաս, բայց մոռանալ՝ երբեք»:

Բայց երբ Եվգինեն մեկնելու վրա է... հանկարծ կիմանա դայակին ձայնը, որ օրրերգ մը կերգե իրենց փոքրիկին վրա: Մայրական զգացումը կարթննա, կուշաթափի Եվգինեն... ու իր տունը պիտի մնա...

Ալվերդյանը կըսե. «Համոզմունքով ներեցի, սիրով կմոռանամ»:

Իսկ Միհրանի քույրը, Մարթան, կկրկնե. «Մոռացիր և ինձ»:

Եվգինեն թեզ մը ունի, որ կնոջ և այր մարդու միջև գտնված անհավասարությունը կշոշափե: Այր մարդը կրնա տարիներով գայթակղալի կյանք մը անցնիլ, կրնա թավալիլ, անիլ էն աղտոտ մարզերուն մեջ հաճույքի, անոր համար ներելի է, իսկ կնոջ ամենափոքր սայթաքումը աղետ մը կդառնա ու մինչև մահ ծանրորեն պիտի ճնշե վրան: Այս անիրավությունը արդյունք է կնոջ տնտեսական կացության,