Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ չի կրնար համեմատիլ իրենց հին կյանքին հետ. միայն չեմ հասկանար, թե ինչ՞ու այս տղաք զվարթ չեն ընդհանրապես, կասկածանքով կնային մեզի, ատիկա պ. Ալեքսանդրն ալ կհաստատե. բացսիրտ չեն, զգացման ղեղումի մը ականատես չեղանք տակավին: Կարոն ու Մանասեն ուրախ տղաք են, սակայն այս անմիտներուն խոսքը չըլլար:

Այս առտու Ալեքսանդրը ինձ կըսեր.

—Հայր սուրբ, զարմանալի են այս տղաքը, օրերով տխուր, լուռ ու մունջ կնստին, ասիկա իմ հուսահատությունս է, իրենց վիճակակից կընեն զիս ալ: Չեմ ըսեր, թե ծույլ են, ընդհանրապես գոհ եմ իրենց դասերեն, բայց կա բան մը, որ կնեղե ղիրենք:Հետո կռվարար են, երբեմն հազիվ թե իրենց սենյակեն կհեռանամ՝ ահա նախ խնդալու նոպայե մը կբռնվին, հետո ձեռք կառնեն իրենց բազմոցները, կսկսի գզվռտուքը. աղմուկեն ներս կվազեմ, փոքրիկ դասարանը փոշիներու մշուշի մեջ կկորսվի, մինչ մեծ ու փոքր գիրկընդխառն գետնին վրա կքաշկռտվին, ոմանք արտասվալից ճիչերով, ուրիշներ քրքջալիր և շնչասպառ:

Միայն Խաչերն է, որ այդ ամենուն անմասն կմնա, լուռ կերպով այդ փոքրը կհյուծի, եկած օրերս զինք ավելի գեր գտած էի, հիմա գունատեր է ու նիհարած ալ է. ափ մը մարմին. բայց սիրուն տղա չէ՜, Հայր սուրբ, պիտի ուզեի ատանկ մանչ մը ունենալ: Դաս չի պատրաստեր, խաղալու հետամուտ չէ, քիչ կխոսի ու խիստ նայվածքն մը աչքերը կլեցվին: Գիշերները շատ անգամ գլուխը վերմակին տակ քաշած կհեծկլտա, պատճառը կհարցնեմ, չի խոսիր, կշոյեմ իր այրող գլուխը երկարորեն, մինչև որ քնանա. անգամ մը միայն ըսավ թե՝ «կվախնամ»:

Վաղը չէ՜ միայն, մտածելով սա եզրակացության հասա: Այս տղաքը հայր, մայր ունեին, թեթևս ալ բարեկեցիկ էին. երբ հայրերնին մեռավ՝ գոնե մայր մը կար, որ կրնար ժպտիլ. Հոս բույնե զրկված թռչնիկներու կնմանին, ընտանեզուրկ, աշխարհի կյանքեն խզված, նետված կետի մը վրա, ուր վանականն ու մենակյացը անգամ տագնապի, ձանձրույթի պահեր կանցնեն:

—Ես վանքի որբանոցներուն մասին լավ կարծիք չեմ ունեցած:

—Ինչ՞ու, պ. Ալեքսանդր,- հարցուցի հեգնությամբ:

—Որովհետև վնասակար հաստատություններ են: Ին՜չ կուզե պատրաստել վանքի որբանոց մը, մարդիկ՝ աշխարհի համար, բայց տղաքը ու՞ր պիտի ճանչնան աշխարհը, որուն մեջ պիտի նետվին հաց ճարելու համար: Վանքը քիչ կամ շատ ուսում կուտա տղուն, անոր մեջեն խլելով ինչ որ պիտի տային տունը, փողոցը, շուկան, հարաբերական կյանք ըսվածը վերջապես: Վանքը՝ տղան հաղորդակցութենեն զրկելով, կվայրենացնե,