Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թիվ տարիներու ընթացքին տիրանալ արդար փառքի մը ծաղիկներուն, որովհետև, տիկնայք և տիարք, Վարուժանը բազմակողմանի տաղանդ մըն է։ Անոր գործն իր մեջ կընդգրկե անցավորն ու անանցը, միտքը ըզգացման հետ, գեղեցկության արվեստը և արվեստին գեղեցկությունը։

Ծնած Փոքր Հայքին մեջ՝ Վենետիկը կըլլաք Պոլսեն հետո, պատանեկան առաջին ներշնչումներուն օրրանը։ Վենետիկը, ջրանցքներու թագուհին՝ էն ինքնատիպն է Եվրոպայի քաղաքներուն, միսթիքական ու կենսապաշտ քաղաք, ուր եկեղեցական արվեստին առընթեր կհանգչի հեթանոսականը.Հոն են Վերածնունդի վարպետներեն Թիցիանոն, Վերոնեզը, Ճիովանի Պելլինին և ուրիշներ, որոնք քրիստոնեական կտավին քով հեթանոսական Հունաստանի մերկությունը կոգեկոչեն։

Հոգի մը զարգացնելու համար ինչքա՜ն արվեստ կա այդ քաղաքին մեջ, ու ինչպես կըսե ինքն իսկ, բանաստեղծը, «անկարելի էր պատկերներով չի մտածել հոն»։ Եթե այդպես է, ահա առաջին գործը Վարուժանին՝ ՍԱՐՍՈՒՌՆԵՐԸ լույս տեսած 1906 թվականին։

Բանաստեղծը կընե արվեստի իր ուխտը հոն, առաջին իսկ էջին մեջ, երբ կըսե «Մուսային»…

Թևերս, ուղիղ դեպի բարձունքդ վսեմ,
Քնարդ կո՜ւզեն, կո՛ւզեն քնարդ, երկնցուր,
Կսրսփե մեջս երգերու սաղմն. կսպասեմ.
Ե՞րբ պիտ տրվի անոր սնուցիչ քո համբույր։

Երգե՜լ կո՛ւզեմ, թող սարսռա բնությունն
Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի՝
Մանկան առջի, բնազդական դըպչելուն.
Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի։

ՍԱՐՍՈՒՌՆԵՐԸ պատանեկան ներշնչումներու մեկ արձագանքն է, անոր մեջ կտեսնենք ապագա բանաստեղծին ամեն հատկությունները սաղմնային կամ ծլարձակ երևույթով, անշուշտ խառնված երբեմն նույնիսկ տղայական նյութերու։ Ինչ որ այդ գրքին մեջ ամենեն ավելի ուշադրություն կգրավե՝ սիրո մի պակասն է։ Բայց մի մոռնաք, ազնի՛վ ներկաներ, որ գրեթե վանական մթնոլորտին մեջ կապրեր Վարուժան, և վանական կյանքն աններող է սիրային արտահայտություններու։

Սպասել հարկ է պահ մը. բանաստեղծը պիտի ազատե կաշկանդումեն, իր դատողությանն ու դիտողությանը տեր պիտի ըլլա, տեր իր ազատությանը, անմիջապես պիտի բացվին աղբյուրներուն ակունքը, ու ՑԵՎԻՆ ՍԻՐՏԸ (1909) պիտի գա՝ ցնցել թրքահայ ազատության առաջին արբշիռ օրերուն մեր հոգին։ Հեղինակը արվեստի երկրորդ հրաշազան