Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղիազարը անգետ չէ կյանքի մեջ հուզվող խնդիրներուն ու կպատահի, որ մտերմական ջերմին խոսակցության մը անձնատուռ կըլլանք:

Երբ խուցը մտա, օջախին ճարճատուղ բոցերուն դեմ ծալլապատիկ նստած՝ ձեռագիր մը կզններ. նարնջագույնով ողողված կիսադեմքը ստվերին մեջ կիյնար հանկարծ՝ լուսավոր խորքի մը վրա ցայտեցնելով քիթին մեղմիկ կորնթարդը, այտերուն ողորկ ցցվածքներն ու սպիտակ, սարսռուն մորուքը:

Իր ետին՝ որմերում առկախ քանի մը փոքր նկարները, լույսի և ստվերի նույն բացխփիկ վարանքին մատնված էին:

Չեմ գիտեր ինչո՞ւ լավ տպագրվեցա: Եղիազարը չի նշմարեց մուտքս. խորասուզված էր սկզբնազարդի մը գիծերու անելին մեջ, ինքնագոհ ու բերկրալից: Սթափվելով՝ զարմանքի աղաղակ մը հանեց:

—Օ՜, վարդապե՛տ, հո՞ս ես, ե՞րբ մտար, որ չի նշմարեցի:

— Հրճվանքդ կվայելեի, անպատճառ նոր բան մը գտած ես:

Զիս իր մոտ քաշեց՝ աթոռակ մը երկարելով:

—Իրա՛վ, ծիրանեգույն մագաղաթ մը գտա, աննման սկզբնազարդով մը. քանի մը տեսակ են մագաղաթները, բայց լավագույնը ծիրանագույնն է, տե՛ս, ողորկ է փղոսկրի մը նման:

Կըսեն թե մեր երանելի նախնիք, իրենց երփներանգությունները երբեմն հղկված, շատ նուրբ փղոսկրի էջերու վրա կհորինեին. կերևա որ ես արժանի պիտի չլլամ հատ մը ունենալու: Չեմ հիշեր՝ ո՞ր պադգամին մեջ կարդացած եմ, որ Կիլիկիո մեծագործ Լևոն Բ չորս Ավետարանները նվեր ընդունած էր փղոսկրե էջերու վրա: Մեկը գտա՞ծ է այդ գանձը, թե խուժերու ապերախտ ձեռքովը փչացած է, ո՞վ գիտե... Երկու նոր թռչնագիր գտա, քիչ վարպետ ասանկ հղացում մը կրցած է ունենալ: Տես ինչպե՞ս արագիլը շնորհալիորեն վիզը կորացնելով դեպի իր ճանկերը, կուզե կկտցահարել անոնց մեջ սեղմված ցորենի շյուղ մը: Ատիկա Չ գիրն է: Նուն ավելի ծիծաղելի է. զայն կազմող թռչունը ծաղկի բաժակե մը ելլելով՝ գլուխը հետ ձգած կկտցահարե իր նախորդ Ի գիրը, որ գլխահակ թռչուն մըն է ուրուրի մը մագիլներուն մեջ:

Օջախի մեջ քանի մը ճյուղեր նետելով շարունակեց:

—Մեր նախնիք ժիր և տաղանդավոր մարդիկ էին, դիտելով ձեռակետերը, կհիանամ իրենց հմտությանն ու ճաշակի վրա: Բնութենեն առած են ամեն մեկ օրինակ, արդեն չե՞ն ըսած, թե բնությունը մայրն է ամեն գեղեցկության.

Տեսած եմ քանի մը վարպետներ ուսուցչությանս միջոցին. համբավով նկարիչ մը. որ աղոթքով կպատրաստեր իր ներկերու խառնուրդն՝ որուն գաղտնիքին