Բայց ես վախկոտ եմ: Ամենուն տրված չէ հանդուգն հարվածներու ճաշակը. չէ թե գործը, հապա մտածումն իսկ զիս դողի կմատնեն: Ծիծաղելի է այս վիճակը, կզգամ, որովհետև կուսակրոնությունը ձգած և կամ անոր մեջ իսկ աշխարհիկ վայելքներուն անձնատուր եղած դասակիցներ կհեգնես այս բոլորը. ես միայն պիտի չի կրնամ խզել ան կապերը, որոնք վարդապետը կզրկեն կյանքեն, կյանքին իսկ դիմաց…
Զու՛ր ալ չէ, մարդ անցյալ մը կունենա. պարապ չէ, որ ինքնզինքին պատմություն մը կշինե, ի՞նչպես ուրանալ այդ պատմությունը փշրելով կուսակրոնության հանդիսավոր հանձնարարություններն ու ժողովրդանվեր ցանկության ուխտը:
Ինչու՞ կտառապիմ ուրեմն: Սիրո բոլոր լուսավոր ուղիները խոր, անհույս անելներ են ինձի համար. լա՛վ է, որ կորսվիմ անոնց մեջ, սանձելով տենչանքիս բոցերը, վերարկուիս մթին ծալքերուն մեջ ամփոփելով անձս ու սև գիշեր մը տառապյալ հոգիս թողլով ամենակալի ահեղ դատաստանին…
Շատ կհազամ նորեն: Քանի մը օրե ի վեր կողերս անդադրում կցավին և առատորեն կթքնեմ. միշտ ալ լորձունքս կքննեմ…
Ձգեմ գրիչս, թեև գրելը սփոփանք է, ու երթամ վանքին մեծ դռան առջև, ճամփուն վրա Շուշանին սպասելու:
ԻԳ
Ապրիլ…
Որբերը եկան: Լռին մենարանը ահա կարթննա մանուկներու զվարթ ձայնով: Ինչքա՜ն գորովանքով կնայիմ այդ աղմկարար տղոց. առաջ որբերու ձայնը չեր բավեր լեցնելու նույնիսկ բակը, իրենց ներկայության ունեցած էի միշտ թախծության տպավորությունները, որոնք հատուկ են վանական խուցերու: Այսօր ամեն բան նույնն է, վանքը, որբերն ալ նույն, բայց բզզյուն մը, տևական շշուկմը կա շուրջս, ու գոհ եմ:
Այս տպավորւթյունը արդյունքն է իմ սպասող անձկությանս, որ իր սիրույն մեջ նավաբեկ, դարձյալ կդառնա դեպի իր հին կյանքին: Բայց կարծեմ որբերը ավելի ուրախ են, զիրեք փոխված գտա. կազդուրված կերևան:
Արդյոք դժգոհանքով չի մտա՞ն վանքին մեծ դուռնեն ներս, ատիկա կզզամ ես, որովհետև միշտ իրենց քաղքի հիշատակներուն վրա կխոսնին, կհայտնեն ամոթխած շեշտով մը այն գգվանքները, որոնց առարկա եղավ իրենց զրկված որբությունը: