Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Դո՞ւն ես, Շուշան․․․ ու՞ր էիր ․․․այս որքա՜ն բացակայություն, օրիորդ։

Հետո կատակելով ավելցուցի՝ — Է՜, քաղաքը ի՞նչ ըրիք տեսնեմ․․․ ինչո՞ւ գացիք․․․ բարեկամնե՞ր եկած էին Պոլիսեն․․․

Հառեցա իրեն․ նախ շիկնեցավ, ապա դժգույն տեսա զինք։ — Այո՜, հայր սուրբ, աղգական մը ունեինք․․․

—Լա՜վ, լա՜վ․․․

Երջանկությունս պատմել դժվար է․ կարծես դարու մը կարոտ կառնեի իրմեն։

Շոյելով Խաչերի չոր և այրող ճակատը, սովածի անկշտությամբ կնայեի Շուշանի խարտյաշ մեզերուն, սպիտակ դեմքին, աչքերուն, որոնց թուխ թարթիչներեն բյուրեղյա կապույտ լույս մը կսահեր, կիյնար վրաս երբեմն. ու ես դողահար կըմպեի այդ լույսը, վայելելով ծաղկենկար տպածոյե շրջազգեստեն ցայտող իր դաշն գիծերը։ Անոր մարմինեն ելլող այդ շնորհին հետ ինձի կհասներ նաև լևանտի բույր մը, որ կսարսռացներ բոլոր անդամներս, ջիղերս խտղտացնելով։ Մեղմ այլ ավելի արագ կդառնար սրտիս զարկը․․․կզգայի ատիկա։

Հրաշալի՜ էակ, ավելի գեղեցիկ կերևիս, ավելի շնորհալի քան աստվածամայրը, զոր Եղիազարը անգամ մը միայն ցույց տվավ ինձի․․․

«Ուրեմն բարեկամներ տեսնելու գացեր են, —կըսեի յուրովի, —Շուշանը չի կրնար ստել, ես կհավատամ իրեն, եթե ստե իսկ։ Բայց ե՞րբ հայ աղջիկ մը կրցած է իր կյանքի էն մեծ դեպքերեն մին հայտնել համարձակ։ Փո՜ւյթս, ան քովս է հիմա, կտեսնեմ զինք, բավ է ինձի այդքանը»։

Տեսնելով այս աղջիկը, ավելի լավատես դարձա Խաչերի հիվանդությանը մասին․ Խաչեր նվազ նիհար երևաց, ու իր հեծեծանքը հուսահատությունս չէր պրկել այլևս։

Շուշան բավական մը նայեցավ Խաչերին, ճակատը շոյեց, խանդակաթ բառեր ավելցուց՝

—Չէ՜, Խաչեր, աղվո՜րս, վաղը պիտի աղեկնաս, բան մը չէ ,նայե՜, տաքություն ալ չունիս․․․

Խաչեր շեշտակի կնայեր Շուշանին․ իր գորշ աչքերը արտահայտություն չունեին, կամ թե անոնց հառումը ներքին ավերող ցավի մը միօրինակ, կատաղի աշխատանքը կպատմեր։

Հանկարծ՝ Շուշան հակեց գլուխը, թոթվեց կուրծքին վրա, ձեռները աչքերուն տարավ, շրթներուն անկյունները բեկում մը ունեցան․ խուսափուկ հեծկլտուք մը լսեցի ու տեսա թե կփախեր․․․