Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքր լամբարը վառեցին: Կիներեն ծերունին միայն մնաց. Շուշա՜նն ու մայրը մեկնեցան, որբերը հանդարտորեն, գողունի եկան սպրդիլ իրենց վերմակներուն տակ:

Պառավը, ձեռները գոգնոցին մեջ, մրափող գլուխը կհակեր, կուղղվեր երբեմն՝ ընդոստ բանալով աչքերը. անոր դեմքը ինձի ավելի տառապագին թվեցավ այդ պահուն, դժգույն թխությամբ դեմք մը, որուն վրա տակավին ազնվազան բան մը մնացեր էր:

Պ.Ալեքսանդր գիրք մը կթղթատեր, կարծեմ Րաֆֆիի «Խենթը»:

Ալ խավար էր դուրսը, ու գիշերվան խաղաղության մեջ՝ աստղերու լուսեղ նայվածքին տակ, կարթննային դոդոշներու մեծակառույց համերգները. անդորր ու նիրհող սենյակին մեջ անհունորեն երկարող սուր այլ անուշ երգ մը կիյնար՝ հարատև ու միօրինակ թրթռացումով, քիչ-քիչ կկասեր. այն ատե եռանդուն խմբերգ մը, լեցնելով միջոցը, կուգար հոսիլ մեր ականջներուն մոտ...

— Ջո՜ւր...

Ծերուկ կինը ցնցվեցավ ու գավաթով ջուրը մոտեցուց հիվանդ տղուն բերանին:

—Պա՞ղ էր, Խաչեր, զավա՛կս...

Պատասխան չիկար. ծծեց տենդեն չորացած շրթները ու խորասուզվեցավ...

Քիչ վերջ աչքերը բացավ. անոնք չեմ գիտեր բյուրեղային ի՛նչ փայլով մեր վրա ինկան, պարզապես սարսափելի էին, բիբերը ընդլայնվեցան գրեթե տիրելով ծիածանին ու սառնենիին. գլուխը վեր ցատկեց գորտի մը պես, մարմինը ցնցվեցավ անկողնին մեջ ու կոկորդեն՝ ջրամույն մարդու մը նման, խեղդուկ հռնդյուններ դուրս ինկան:

— Եկա՜ն...եկա՜ն, եկա՜ն, մայրի՛կ...

— Ո՞վ, Խաչեր, մարդ չի կա. տե՛ր աստված, մարդ չի կա,— գոչեցինք միաբերան:

Ծերունին վրան հակեցավ զինք հանգստացնելու համար. այն ատեն Խաչեր բացավ շրթները, ազազուն թևերը վերմակեն դուրս հանեց, մեղրամոմե մատները պրկեց ու բռնելով կնոջ թուշերեն, ուժգնորեն զանոնք քաշել սկսավ:

—Մի՛ ընկեր, անո՛ւշս, հոգի՛ս, մի՜ ընկեր, — մեղմորեն պաղատեցավ տնտեսուհին:

Ան չի լսեց աղաչանքը, ոչինչ կլսեր՝ ու նույն անասունի, ցուցափեղկի մեջ դրված խամաճիկի մը աչքերուն անայլայլությամբ նայելով կնոջ դեմքին, կպրկեր անոր միսերը:

Հանկարծ խուսափուկ աղաղակ մը թռավ սենյակին մեջ: