Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքն էր, Վարդա՛նը. վեհարան ելանք, աննկարագրելի վիճակ. դեմքը ներկված էր տաք ու կարմիր գույնով. աչքերը կդառնային իրենց ճարպոտ շրջանակին մեջ, փքոցի մը նման կհևար, կպոռար ու կողբար անդադար:

Իր քով, թավշյա բազմոցին վրա՝ գրեթե անշունչ ինկած էր ծիրանեգույն տատրակներեն մին՝ մինչ մյուսը, գլուխն իր մսեղ կուրծքին մեջ թաղած, կհսկեր ընկերոջը վրան, թույլ ու հիվանդադին մնջյուն մը արձակելով:

Վանահայրը կոռնար միշտ.

—Ամե՛ն բան առին ձեռքես, ամե՜ն բան, կիմանա՞ք դուք, որ հոս եկեր եք. գացե՛ք, չեմ ուզեր մարդ տեսնել, նայեցե՛ք, ա՛ս ալ սպաննեցին. ի՞նչ անեի. կին, տուն տեղ չունիմ, ասիկա կար միայն, ա՛խ, տատրակս, հոգի՛ս, ի՞նչ եղար, ո՞ր վայրագ որսորդը զարկավ քեզի…

Վանահոր բարկությունը հետզհետե սպառնական կըլլար, ու իր մորուքը հովերուն խաղալիք քուրջի մը պես կշարժեր:

Հանկարծ փլավ. դեմքին լայն միսերը դեպի վար կախվեցին. աչքերը ալյանդակ երևույթ մը ստացան բացվելով. սկսավ տղու մը պես հեծկլտալ՝ տարածվելով բազմոցին վրա:

Չափահաս մարդու մը, մանավանդ տարեց վարդապետի մը, լացը տեսած չէի: Ծիծաղելի ու զզվելի էր այս մարդը. հրեշտակի պես մանուկ մը որդերուն հանձնած էինք, ու ինք տատրակը կուլար:

Այդ միջոցին ակնարկս վիրավոր թռչունին վրա ընկավ նորեն. կոկորդին աղվափետուրեն արյունի կաթիլներ կմղվեին ու դեպի կտուցը կքալեին. պզտիկ քանի մը սարսուռներ ալ ունեցավ, ձգեց տոտիկներն ու մնաց:

Իրա՜վ որ վանահայրը եկավ ատեն ի վեր կխնամեր այս կենդանիները, իր ամբողջ հարստությունն ու երջանկությունը կկազմեին այդ զույգ թռչունները, թերևս իրավունք ունի լալու, խորհեցա:

Հեռացա վեհարանեն, սանդուղին ստորոտը տեսա Շուշանը կարմրած աչքերով ու դողահար. աղեկ մը նայեցա վշտահար իր դեմքին ու անձայն հեռացա:

Այս ամենը ինձի երազ կթվին:

Բայց իրականություն մը՝ աշխարհի վրա ավելի իրական չէ եղած երբեք: Ես հիվանդ սիրահար մըն եմ, խաչերը մեռավ, տատրակն ալ, ու: