Քահանան տեսավ թիերուն շարժիլն, տամուկ հողերու սևությունը մարմիններու վրա, հետո քանի մը սրունքներու հողեն դուրս ցցվածքը ու անոնց ծածկվիլը. վերջապես լեցված խրամատը: Կրոնականն այս սարսող պատկերը վանել ուզեց կրկին: Ելավ պտտկեցավ սենյակին մեջ՝ միշտ աչքերը գոց, հետո անուժ ինկավ սետիրի տախտակին վրա, ուր բազմոց մը, բարձ մը իսկ չէր մնացած:
Պատուհանեն դուրս ձմեռնամուտի վերջալույս մը աղտոտ կարմրություններ կցաներ ցանցառ ամպերու վրա: Տերտերը դիտեց դուրսն ու նշմարեց ծառերուն ետևեն եկեղեցիին գմբեթը: Հիշեց շաբաթ երեկոներն, այն երջանիկ, բարի հին օրերն, որոնք երազ կուգային իրեն:
-Աստված այս չարյաց պատճառին մուխը մարե:
Գմբեթին տեսքը քահանան փոխադրեց եկեղեցիին դավիթը, ուր երկու կողմնակի սրբոց պատկերները պատռտված էին, մերկացված հավատացյալներու նվիրած արծաթե, ոսկին սիրտերեն, աչքերեն, թաթիկներեն ու հազար փոքր միամիտ բճճանքներեն: Հապա տաճարին մե՜ջ, կամարեն կախված ջահը փշրված գետնին վրա, առաքյալներու նկարները կողմնակի պատերուն վրա ծակծկված, քուրջի նման կախված, ու խորանը մերկ, պահքի օրերեն տասն անգամ տխուր տեսքով, անոր աստիճանները տապարով խորտակված: Աստվածածնի նկարը ձիու թրիքով աղարտված, գնդակներեն մաղ դարձած, խնայված իր նը չկար եկեղեցիին մեջ:
Այս դժնի նկարը տեր Բարթողի մտքին մեջ կրկին անդամներ կազմեցավ ու քայքայվեցավ: Աստծո պաշտոնյան մոռացած իր, իրիններուն զոհերը, ավարի տված ինչքը, ահաբեկումով, զայրույթով տաճարին դատարկ, կողոպտված երևույթը կերազեր ակամա և զարմանքով:
Կրոնավորին ուղեղը տեսակ մը թմրություն կստանար, հիմարական շարժում մը անոր կտիրապետեր երբեմն: Աչքերուն մոտեն հանկարծական սևություն մը կանցներ: -Ախ՝, վատ, վատորդիներ, շնազգիներ, գոնե աստծո տանը խղճային: Կկակազեր այսպես ու բերանը կբռներ սթափելով: Մեկը կրնար զինքը լսել: Բ... քաղաքն Հայաստանի ներքին մասին մեջ է, ու աշնան մեջեն իսկ խիստ ցուրտ կընե, տեղացին կըսե ասոր համար.
Սուրբ Հակոբն հոս կթոթվե մորուք:
Աչնի միջինքին հաստրկեկ մանտրուկ: