Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեր Բարթողը դողահար մոռացումով գոչեց․

— Երեցկին, երեցկին, Եփրոս, քյուրքլի ճյուպպես բեր։

Կանացի ձայն մը վարեն պատասխանեց․

— Ի՜նչ, տեր հայր, ի՞նչ կուզես։

Քահանան լռեց, ալ չձայնեց, զգաց խաբկանքն ու ժպտեցավ ծիծաղով մը, որ լացի մը հավասար էր։

— Չէ,— հառաչեց կրոնականը,— տնօրեններն ան ալ տարին։

Տեր Բարթող ավելի կծկվեցավ․․․ Քահանան տասնհինգ օր դուրս չէր համարձակված ելլել իր փուխերիկին միջի թաքստոցեն, քանի մը օր առաջ գացած էր պաշտոն կատարելու դիակներու վրա ու այդ շաբաթ իրիկուն միայն համարձակված էր եկեղեցի վազել։ Հիմա միամիտ, հավատավոր մարդը կտանջվեր շատ ավելի։ Ան հույս ուներ եկեղեցին գեթ անվնաս գտնել։ Ու ինչ տեսած էր, վայ իր աչքերուն։

— Վա՜յ ինձի, վա՜յ ծովացյալ մեղացս,— կսաղմոսեր երբեմն մութին մեջ քահանան։ Անոր գանկը կայրեր կրակներու մեջ, մինչ ոտներու մատները ցուրտեն չէին զգար։

Խունկի, կնդրուկի սուրբ, անուշ շունչ մը սենյակին մեջ տարածվեցավ բաց դռնեն։ Կրոնականն իր ռունգերն անասունի մը պես ընդլայնեց ու շնչեց հեշտանքով։ Իր թավ մորուսեն ու պեխերեն վեր հրճվանքի կծկում մը շարժվեցավ, մեղմորեն վեր առավ ձեռքն ու խաչակնքեց՝ աղոթք մը ծամծմելով։

Խունկին խիտ բույրը զինքը փոխադրեց հին, աղեկ օրերուն ձմեռ գիշերներու խնծիղին մոտ, լայն քյուրսիին գաղջ վերմակին տակ թմբիրով անզգա։ Քահանան բերնին մոտ զգաց ձեռք մը, որ հավանք եղած խնկացած, քահրիպարի երանգով խաղողի ողկույզ մը կմոտեցներ շրթունքներուն․ բացավ շրթներն ու գոցեց տենդով։

Կրկին սթափվեցավ կրոնավորը։ Սենյակին մեջ մառանի մը չափ մութ էր, ու պատուհանին մոտ լուրթի կապույտ մը հազիվ կզգացվեր։

— Լամբար ալ չունինք, այ անիծված կյանք,— շշնջեց։

Քահանան բոլոր գիշերն հսկեց։ Մինչև արշալույս թևն իբրև բարձ տված երեցկինին։ Ժամերով համրեց դուրսը հնչող ճոկաններուն քանակը և տանջվեցավ կողոպուտի, սպանության, պղծումի հիմարացնող տեսիլներով։ Կարճատև պահերու մեջ ամեն զգացում, պատկեր կանհետանային անոր մեջ, ու տեր Բարթող ծանրացած, այրող ճակատը կհակեր ննջելու համար, բաըց ահա եկեղեցիին բակն էր, գավիթը, տաճարի մեջ։