ընդարձակության վրա, խորանին խորը կ'երթար, ուր կը գուշակվեր ստվերներու թանձրությունը, տեսիլքի մը պես տարտամ մթնշաղ լույսին մեջ, որ նոր կը ճեղքվեր, սյուներուն կամարներուն ճակատները հետզհետե դուրս նետելով գմբեթներուն խորունկ շուքին մեջեն: Մոլոշագույն պայծառություն մը սկսավ իջնել բարձր պատուհաններուն վերևեն, և հետզհետե վարդագույն երանգով մը ճշդվեցավ ապակիներուն վրա ցոլանալով, մինչ փոշիի շամանդաղներուն հեղեղը կը հոսեր չորս կողմեն ներս: Եվ զանգակը հնչեց բարձրագոշ ու լուրջ. բոլոր եկեղեցիին սուրբերուն պատկերներուն վրայեն սարսուռ մը անցավ կարծես: Մոմերու փոքրիկ պսպղուն աստղերը սկսան ծածկել խորանին ստվերները. վայրկյան մը ետքը տաճարը խարույկի մը պես կը վառեր կերոններուն, բյուրեղե ձեղնաջահերուն լուսացնցուղ շողերովը: Հինավուրց վանդակորմեն ներս, դասին մեջ լեցվեցավ դպիրներու պարը և բոցերը խառնվեցան երգեցողություններուն:
Բազմությունը վայրկյանե վայրկյան կ'ավելնար եկեղեցիին մեջ: Սեղանին վրա սուրբ խորհուրդը կ'սկսեր, տիրացուները իրենց սերովբեի սուր միամիտ ձայնովը կը գեղգեղեին, ու կը հնչեին ծնծղաները: Ջերմոցի ճերմակ ծաղիկներու խուրձերը, որոնք ձյուն ժանյակի սարսուռով մը կը զարդարեին խարանը, կը ծավալեին իրենց նուրբ բուրումը, և ամեն բան ճերմակ կ'երևար, թեթև, թափանցիկ, լույսին սարսուռը կարծես թրթռալով մասունքներուն, խաչերուն ոսկիին վրա: Բուրվառներուն շղթային արծաթի հնչյունը, որոնք կ'իջնեին ու կ'ելլեին, և խունկի ծուխը, որ կը բարձրանար երազոտ հավատքի մը պես կամարներեն վեր, իր հետ ամբառնալով ամեն տառապող հոգիները այդ վշտաբեկ մարդոց, որոնք խորին մտամփոփումի մը մեջ ոտքի վրա կը կենային: Ոչ ոք շունչ կ'առներ: Կը հնչեր միայն քահանային խորհրդավոր ձայնը սեղանին վրայեն. իր շուրջը լույսերու ծփանքը ցոլքեր կը վառեր սկիհներու, աշտանակներու քարերուն վրա. ամեն տեղ ճառագայթներ, ճաճանչներ, ձայներ կ'արթննային, կրոնքի, սիրո ցայտում մը, որ կարծես ճառագայթումն էր միակ լույսի մը: