Էջ:Collection works of Sibil.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Իսկույն դասուն վանդակորմը բացվեցավ, և ալիք մը դուրս ելավ. բոցերու բոլորակ շղթա մը կազմեցավ տաճարին մեջտեղը, և ժողովուրդը ետ ետ քաշվեցավ: Երուսաղեմի մանուկներն էին, սուրբ թափորը, ձիթենիի ճյուղեր ծածանելով օդին մեջ իրենց բյուրեղյա ձայնին հետ. «Օվսաննա՛,Օվսաննա՛»:

Դուրսը զանգակներու ղողանջը կը հնչեր լայն, անհուն շունչով մը, որ ներս կուգար տաճարին բաց դուռնեն. ամենուն աչքը այն կողմը հառած էր. Քրիստոս ներս պիտի մտներ...

Հանկարծ որոտումին ձայնը գոռաց. ալելույան նվազեցավ, նվազեցա՜վ. դող մը անցավ ամենուն վրայեն և այն անհուն խաղաղության մեջ, որ սկիզբը կամ վախճանը պիտի ըլլար մեծ պատուհասին, անձրևին շշուկը լսվեցավ դուրսեն:

Բոլոր ժողովուրդը մեկ ձայն, մեկ հոգի ծունգի վրա ինկավ, և «մեղա»-ի աղաղակներով եկեղեցիին կամարները թնդացին: