Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕԼՈՒՃԱԳԻ ԱՆԾԱՆՈԹՈՒՀԻՍ

Ա

Երբ Գաղատիա էինք, գարնան մեջ շատ իրիկուն Օլուճագ կ՚երթայինք, կը նստեինք ճամբուն եզրը շղթայի մը պես երկարող մանրիկ քարաժայռերեն մեկուն վրա, դիտելով վարը, շատ վարը սփռված արտերու, մարգերու տափարակ տարածությունը, որոնք մերթ թավշային կանանչությամբ կը փռվին գետինը, մերթ խունկի պես դեղին՝ մարմրած գլուխներ կ՚երերցնեն հովին դեմ, և տեղ տեղ նոր փորված կարմիր հողը կը կտրե, կը կտրտե զանոնք կոհակի ելևէջներով: Հետո բանջարեղենի ածուներ բաց կամ մութ գույներով զատված իրարմե. հոս քառակուսի, հոն կլոր, քիչ մը անդին բազմանկյուն ձևերով մեջե մեջ մտած, և ծառեր. սաղարթներու եզական խաղապատում մը, նորածիլ թուփերու փունջ մը պսակի պես բոլորված, և ուռենիներ, ուռենիներ շատ մը, կոխելով իրենց մելամաղձոտ բանաստեղծի ուղեշները այդ դդումե ու վարունգե բաղկացյալ ծայրահեղ կերպով հասարակ բուսականության մեջ:

Այդ ուռենիներուն տակ կուգան կը նստին, իրիկվան դեմ, եկեղեցիեն դարձին, Գաղատիո ժամասեր տիկինները, մինտերը քղանցքներուն տակ, ոտքերնեն մինչև գլուխնին ճերմակ սավաններու մեջ փաթթված՝ ուրվականներու պես խլրտելով տերևներու ետին, ամպերիայի կամ օղիի գավաթները լեցնելու,