պատերազմի դաշտին վրա՝ իր ընկերներուն վիրավորվիլը տեսնելով, զինվորը չի նահանջեր։
Ա՜հ, լացը, սուգը մեր սրտին մեջ, և քաջությունը ու կորովը մեր գործերուն մեջ։
Երբ մեր աջ ձեռքը կտրվի, պե՞տք է մեր ձախ ձեռքը գործելե դադրի․ մեր ցավը պե՞տք է արգիլե զայն գործելե՝ ամբողջ մարմնին պահպանության համար։
Զանազան գավառներե բազմաթիվ հանրագրություններ կը հասնին մեզի, «դպրո՜ց, դպրո՜ց» պաղատելով։ Ո՞ր մեկուն պատասխանենք, ո՞ր մեկուն գոհացում տանք։
Երեկվան ջարդի սուրեն հիմնահատակ կործանած Սասունը, Մուշը այսօր վերակենդանացած է, ուսո՜ւմ» կաղաղակե։ Ո՞վ պիտի բանա վաղը Ատտնայի քար ու քանդ եղած դպրոցները, երբ վերակենդանանա․ և պիտի ապրի Ատանա, այդ քաջերու երկիրը, և մենք պիտի տանինք վառել ուսման լույսը անոր ավերակներուն մեջ, և նահատակներու աճյուններեն պիտի հարուցանենք նոր հերոսներ, նոր ախոյաններ հայրենիքին։
Պարոններ և տիկիններ, սուդ բռնելու, լալու ժամանակ չէ պետք է գործել․ ամեն մարդ իր գործին, իր պաշտոնին․ իր պարտականության գլուխը։
Ազգանվեր հայուհյաց ընկերությունը քանի տարի պայքարեցավ տգիտության դեմ, գավառներս մեջ, այսօր մեր վարժարաններուն աշակերտուհիները իրենց կարգին ուսուցանելու կարող՝ պաշտոն կը խնդրեն մեզմե և մենք բանակցած ենք Մուշի, Սասունի և Զեյթունի հետ ուր պիտի բացվին մեր առաջին դպրոցները։
Բայց կը գրեն մեզի թե խեղճ աղջիկները դպրոց երթալու համար պարզ հագուստ մը անգամ չունին․ պատռտած ցնցոտիներու մեջ կես մը փաթթված, փողոցները ինկած են օտարներու նախատինքին ու հեգնանքին մատնված։
Ուրկե՞ պիտի գտնե Ազգանվեր հայուհյաց ընկերությունը անոնց զգեստ հայթհայթելու միջոցը․ իր վեցամսյա հասույթները հազիվ պիտի բավեն դպրոցներու պյուտճեին․ և դեռ անդին հարյուրավոր գյուղերե «դպրո՜ց» կ՝աղաղակեն։