Հեռո՜ւն, հեռո՜ւն, լուրթ մշուշին ծալքին տակ,
Թըրթըռացող աղոտ լույսին պես անուշ,
Նայվածքներ կան մերթ արցունքոտ, մերթ հըստակ,
Որ կը հուզեն կյանքիս իղձերն իմ անհուշ:
Պուրակին թոշ ըստվերներուն տակ մըթին,
Ուր զեփյուռներ ծաղիկներուն կ՚այցելեն,
Ուր բուրմանց թարմ ծիածաններ կը փըթթին,
Միշտ կը գտնե հոգիս հուշիկ մ՚անցյալեն:
Լայն հոսանք մը՝ որ ծոպերով լուսաձիր
Կը կոծկոծի սորսորելեվ սարե սար,
Հուզմունք մ՚ունի, տենդ մը վազքին մեջ անծիր,
Ուր կը հիշեմ մըտքի ծըփանքս իմ հազար:
Ժապավենի գույն մը կարմիր կամ դեղին
Կապված աղվոր, փափուկ վըզի մը ճերմակ,
Բոց մը կուտա հոգվույս մարած կանթեղին,
Ուր երազիս թույրերն հալած են հիմակ:
Իրիկվան դեմ պայծառ օդին մեջ ծավի,
Զըվարթ սույլեր կը սըլվըլա ինձ իզո՜ւր.
Տըխուր վանկ մը, հևք մը, հըծծյուն մը ցավի
Լոկ սըրտիս մեջ իր արձագանգն ունի սուր:
Առտըվան մոտ խավարներու մեջ ոսին,
Կամ ձորի մը հոծ թուփերուն մեջ թառած,