— Ինչե՞ր կ՝ըսես, Գառնիկ, Թոթովեց:
— Ապագան սոսկում կուտա ինծի:
— Ապագա՜ն, գոչեց Բուբուլ սարսափով իբր թե երազե մը սթափված, ապագա՜ն, բայց ինչո՞ւ կը մտածես հիմակ անոր վրա, մեր աչքերը միթե կրնան թափանցել անոր խորը, բավական չէ՞ մեզի մեր անուշ երջանկությունը վայելելու համար:
— Վայելել ըսի՜ր, բայց ի՞նչ: Պատիր երազ մը արթնության մեջ. ահա՛ բոլոր մեր ունեցածը: Դուն, Բուբո՞ւլ, երկանյին խուսափուկ տեսիլ մըն ես, հրեշտակի մը ստվերն ե ինծի համար: Պաշտելի սիրտդ պահ մը կանգ կ՝առնե քով զիս սփոփելու բարությամբ, բայց ժամե ժամ կրնաս հեռանալ ինձմե մտնելու համար այն շքեղ կյանքին մեջ, որուն սահմանված ես: Իսկ ես ի՞նչ պիտի ըլլամ:
Այս միջոցին մերձակա ծառերուն մեջ խորշափյուն մը լսեցավ, և սեպտեմբերի կարմրած տերևներեն մեկ քանի հատ գետինը ինկան: Անտառին մեջեն մեկը եկեր պահվըտեր էր այն մացառներուն տակ, զորս կը ծածկեր այն խոշոր եղևնին, որուն ներքև նստեր էր Բուբուլ կռնակը անոր դարձուցած, և առանց մտքեն անցընելու թե մեկը կը լրտեսեր զիրենք, ոտք ելավ երիտասարդին աղեկտուր խոսքերուն ազդեցությամբ համակված, մոտեցավ անոր, ձեռքերը իրեններուն մեջ առավ, որոնք թրջված էին արցունքով:
— Ա՜հ, Գառնիկ, ե՞ս եմ ուրեմն այդքան վիշտերուդ պատճառը, ինչ ըրի քեզի որ կը կասկածիս սիրույս վրա...: Ու հեծկլտանքներ իր խոսքը կտրեցին: Երիտասարդը գլուխը վեր վերցուց:
— Բուբո՛ւլ, կը սիրե՞ս զիս, հարցուց մեղմ ձայնով մը:
— Կը սիրեմ քեզ հոգիիս բոլոր իղձերովը, բոլոր հույսերովը, բոլոր փառասիրությամբը, և այս սերը կյանքս է, և անոր հետ կրնա բաժնվիլ ինձմե : Եթե բոլոր հոգիս քեզի նվիրելով, եթե բոլոր բաղձանքներս քու վրադ ամփոփելով չեմ կրնար երջանիկ ընել քեզ, ա՜հ, Գառնի՛կ, չեմ ուզեր ապրիլ: