Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայանային, ինք ճերմակ մուսլինե պարզ պլուզ մը ունենալու համար հազար արցունք կը թափեր։ Հապա վարժուհիներուն տարեդարձի օրերը, երբ աշակերտուհիներեն մեկը Պաղառ Շինվազեն գնված ծանրագին ծաղկաման մը միս Լեսինկին, ինք իրն պարտեզին խեղճ կակաչներն ու հասմիկները միայն ուներ, զորս հորմեն գաղտնի գիշերանց կերթար փրցնելու, և ուր պահելը չէր գիտեր թոռմելե առաջ դպրոց տանելու համար։

Եվ կուլար ու կը տառապեր, և կատեր բոլոր իր ընկերները վասնզի կը նվաստացնեին զինքը իրենց հարստությամբը, և կատեր իր տունը վասնզի չուներ դպրոցին գեղեցիկ օթոցները, սիրուն զարդասեղանները, մարմարե սանդուխները, խոշոր հայելիները, պարտեզին ավազոտ մաքուր ուղիները, և կատեր իր հայրը վասնզի իրմե ավելի կը սիրեր դրամը և թշվառության կը դատապարտեր իր կյանքը։

Իսկ ինչ հուսահատության և արցունքի օր մը եղել էր իրեն համար այն օրը, ուր երրորդ անգամ կարդացվելով իր անունը թոշակնին անվճար թողող աշակերտուհիներու ցանկին մեջ, ստիպվեր էր հրաժարիլ դպրոցեն, բերելով իրեն հետ պճնասիրության, պերչանքի կատաղի բաղձանք մը և արհամարհանք մը աղքատության, թշվառության, տգիտության, տձևության, տգեղության նկատմամբ, որոնց կեդրոնը կը թվեր իր աչքին իր տունը, իր ընտանիքը, իր ունեցած դիրքն ու ապրած միաջավայրը։

Ալ այնուհետև շարունակեցավ իր կըանքը անողոք միօրինակությամբ մը, առանց հաճույքի, անհույս, առանց սփոփանքի մինչև այն օրը ուր բարեբաստիկ դիպված մը կղզի բերավ զինքը, և ավելի երջանիկ դեպք մը առիթ եղավ Գեղամոֆ ընտանիքին հետ հարաբերության մտնելու։ Կրակարանին մեջ բոցերը մարեր էին ու գլուխը հոգներ էր մոխիրներուն վրա ծռելով։ Ոտքի ելավ հանկարծ այդ տխուր հիշատակները թոթափել ուզելով, և եկավ պատշգամբին առջև պատուհան մը բացավ։

Ճիշտ այդ տեղը նստած էր ամիս մը առաջ, երբ առաջին