Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոտ նայվածքին հանդիպիլ: Ո՞ւր իջեցուցեր էր այդ պանծալի շքեղ աղջիկը իր սիրով: Ջինքը կրծող հարատև որդն էր այս:

Հիմա Բուբուլ կ՝սկսեր ատել իր տաղանդներն ալ. որովհետև եթե զանոնք չունենար, կը կարծեր թե Գառնիկին մեկ հոգը պակաս պիտի ըլլար. բայց որքա՛ն կը սխալեր:եթե իր մեծ, իր անձնուրաց սիրով չէր կրնար նորատի աղջիկը հաղթել անոր տրտմություն, պատճառը այն է, որ Գառնիկ անոր անձին չափ ալ անոր տաղանդները, անոր ճաշակին նրբությանց հրապույրը կը սիրեր և անոր վրա անցյալին շուքը, ճոխություններե և փափկություններե հորինված հմայքը կը թնտռեր անոր վրա, բացի սերեն:

Եվ կը նայեր ամպերուն, կը նայեր երկնքին երեսեն անցնող թեթեև ստվերներուն, կը նայեր լույսի հետին բեկբեկումներուն՝ միշտ պատուհանին առջև նստած, առանց տեսնելու թե ո՛վ կ՝անցներ փողոցեն, և ո՛վ կանգ առեր էր իրենց տան առջև:

Հանկարծ դրան զարնվիլը լսեց, հետո անոր բացվիլը, վասնզի վարն էր Սոֆի, և Հուսկ ուրեմն ծածկաձայն խոսակցություն մը դրանդին վրա՝ ճիշտ պատուհանին ներքև:

— Բուբուլին հայրը եկավ Պիլեճիքեն, կ՝ըսեր Գառնիկ, աշխատանոցիս մեջ թողուցի զինքը, եկա որ կանխավ իմաց տամ. մեկենիմեկ տեսնելով չըլլա որ հուզվի:

— Ատանկ բան մը ի՞նչպես կրնանք հիմա հանկարծ իմացնել, կը հարցներ Սոֆի:

— Եթե կ՝ուղես վաղվան ձգենք: Այս գիշեր պետք եղած զգուշություններով գործը կը հասկցնենք, ներկայացումը թող վաղվան մնա: Արդեն ըսեր եմ, որ ժամե մը ավելի չըսպասե ինծի:

Առանց մտիկ ընելու՝ կը լսեր Բուբուլ այս խոսքերը, և չուզելով երկար ատեն մտահոգության մեջ թողուլ իր սիրելիները, արտորնոք վար վազեց:

— Բնավ զգուշություն պետք չէ, ես ամեն բան իմացա, Գառնի՛կ, սիրտ մի հատցնեք: