Երիտասարդը եկավ անոր ձեռքերը իրեններուն մեջ առավ և դողդողացող ձայնով մը հարդուց.
— Գո՞հ ես, Բո՛ւբուլ, այս լուրեն, շիտա՛կ ըսե, կ՝ուղե՞ս որ հիմա երթամ բերեմ զինքը:
— Շատ ուրախ, շատ հանդարտ եմ, և կը փափաքիմ անմիջապես հայրս տեսնել, պատասխանեց Բուբուլ, թեև սիրտը կը բաբախեր և ձայնը. կը բեկբեկեր հուզումեն:
Հակառակ Գառնիկի աճապարանքին՝ բավական ժամանակ սպասեցին երկու աղջիկները, մինչև որ Բանկալթիեն Ղալաթիա հասավ ան և նորեն Վարդանյան Արթին աղային ընկերակցությամբ տուն դարձավ:
Արդեն մութցած ըլլալուն՝ փողոցը չէր երևար. բայց պատուհանին առջևեն դուրսի ոտնաձայներուն ականջ կը դներ Բուբուլ անհամբերությամբ, սիրտըլեցավ, կարծես նախազգալով, թե իր հորը գալուստը նոր աղետքի մը թվականը պիտի ըլլար իր դժբախտ կյանքին մեջ: Եվ սարսուռ մը զգաց երբ դուռը բախեցին:
Վարը, փոքրիկ բակին մեջ, հայր և աղջիկ դիմավորեցին զիրար:
Յոթանասունը անց ծերունի մըն էր Արթին աղան: Մութ գույն ասվիե լայն «շալվար» մը, ըստ Պիլեճիքի տարազին, ծունգերուն վրա սև շերտով մը կ՝ավարտեր, ուրկե վար գունավոր գուլպաները կ՚երևային տեղ-տեղ քակված ու ծակծկված: Վրային եվրոպական ձևով վերարկու մը հագած էր, որուն օձիքին թավիշը մաշած ու յուղոտած՝ վզին վրա կը կոճվեր, ցույց տալով վերեն աղտոտ կտավե շապիկի մը ծայրերը և տակեն՝ նկարակետ լայն գոտին մեջքեն մինչև կուրծքին կեսը փաթաթված: Ֆեսը երկար ծոպ մը ուներ, որ ետևի կողմեն դեպի առջև դարձած, ճակտին վրա տարածելով իր գունաթափ թելերը, ասդին կը ծածաներ:
Սակայն հակառակ այս գեղջուկի անշնորք արդուզարդին, շատ համակրելի իր դեմքը ազնվական դիմագիծերու տիպար մըն էր, որուն ամենեն խորին արտահայտությունն էր հանձնապաստան և համառ բնավորություն մը սպիտակ մազերու տակ տակավ տկարաց: Տարիներու խոնջենքը