Էջ:Collection works of Sibil.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վայնասունը լսվեցավ վերեն, որ ոտքերով գետինը կը թափահարեր: Հոռիբ վեր վազեց, ինք ալ անոր հետևեցավ:

Տիրաճան աղային պզտիկ տղան էր, որ քունը եկած ըլլալուն՝ այդպես փոթորիկ կը հաներ: Հոռիբ մոտեցավ զայն գետնեն վերցնելու համար, ուր պառկած էր երեսի վրա: Սոսկալի հայհոյություններով պատասխանեց փոքրիկը, և Բուբուլին քույրը չքաշվեցավ միևնույն բառերով փոխարինեու իրեն եղած նախատինքը: Բարեբախտաբար վրա հասավ Ֆարիս տուտուն և գրկած ներս բերավ զայն հյուրերուն գտնված սենյակը, հոն կոշիկներն ու գուլպաները հանեց անոր, ու սկսավ ոտքերը շփել: Այդպես կը քնացնեին զայն ամեն գիշեր: Հետո երբ լավ մը քունը տարավ, վեր դրավ, ու խշտյակ մը բերելով գետինը փռեց, անոր լայնքին պառկեցուց մանուկը մեկ ծայրը, և մյուս ծայրն ալ վրան ծածկելով՝ ձգեց ելավ: Քանի մը վայրկյանեն կանոնավոր կերպով կը խորդար տղեկը, գլխեն մինչև ոտքը այդ պատվական անկողնին մեջ անհետացած:

Արթին աղա ճամբե եկած ըլլալուն չուզեց երկար նստիլ, և ժամը հինգն էր, երբ մութ ու նեղ փողոցներե անցնելով՝ իրենց տունը հասան: Միևնույն հողե բակն էր, միևնույն գյուղական սանդուխը, սև շաղախե պատերը, սա տարբերությամբ, որ իրենց տանը պատուհանները ընդհանրապես ապակի չունեին, և վերեն առաստաղներուն գերանները կ՚երևային սարդի ոստյաններու ցանցակերպ ժանյակներովը զարդարված:

Բուբուլ քանի մը ուշադրություն ընելու կարողություն չուներ, հազիվ կրցավ անկողինները պատրաստել, և անմիջապես քունը հաղթեց իր հոգնած բեկած մարմնին՝ ազատելով զայն պահ մը կյանքի դառնութենեն:

ԼԴ

Մինչ Բուբուլի կյանքին հորիզոնը կը մթագներ այսպես զրկելով զինքը իր սիրելագույն իղձերեն, անդին լուսածիծաղ կյանքի արշալույս մը կը ծագեր Լուսիկին համար: