Էջ:Collection works of Sibil.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնականաբար, և տկար մտքեր ամեն բան իրենց արտաքին երևույթեն կը դատեն ընդհանրապես:

Մանուկ աղային նյութական վիճակը աղեկ ըլլալը գիտեր, նույնիսկ իր բերնեն լսած էր թե այսչափ հարյուր ոսկի այսինչ դրամատունը ձգած էր, քանի մը կարևոր կալվածներեն զատ, որոնք լավ եկամուտներ կը բերեին իրեն. և տանը ծախքերուն այդ չափավորությունը, Լուսիկին արդուզարդի պարզությունը, անոնց ճաշակին ազնվության՝ և վարած առանձնակի կյանքերնին իրենց բարքին համեստության կը վերագրեր: Եթե սակայն գիշեր մը Մանուկ աղային ննջելեն ետքը, կարենար ներս նայել այն սենյակեն, ուր կը նստեին մայր և աղջիկ, պիտի տեսներ թե ի՜նչեր կը կրեր խեղճ Բեմպե հանըմ Հոմ վարժարանին մեջ կրթված այդ պարկեշտ օրիորդին ձեռքեն: Եթե լսեր թե այդ անուշ ձայնը ի՜նչ բիրտ հնչյուններ կ՚ստանար հորմեն գանգատելու ատեն, նոր ձեռնոց մը կամ հովանոց մը գնած չըլլալուն համար իրեն, թե ի՜նչպես խոշոր կը բացվեին անոր կարճատեսի սիրուն աչվըները, երբ կը պոռար ու կը գոչեր ճիշդ իր թաղին ստահակ տղոց պես, որոնց հետ մեծցած էր փողոցին մեջ ընկույզ խաղալով: Մեկը դատելու համար՝ կը կարծեր թե բավական էր անոր ներկան քննել, անցյալը խուզարկուլու պետք չէր տեսներ Գեղամոֆ, և սակայն ներկայեն ալ կ՚ըմբռներ միայն ինչ որ ցույց կուտային իրեն. ավելի խորունկը թափանցելու կարողություն չուներ:

Քըրըքճիին աղջկան կարգի, կանոնի տակ, միշտ հանդարտ, միշտ միօրինակ, միշտ լուրջ վարմունքը, անստգյուտ առաքինության մը երաշխիքն էր Տիգրանին համար, և ամեն անգամ որ կը տեսներ զայն, քայլ մը ավելի կը մոտենար անոր:

Աշնան վերջերը ա՚լ գիշերային այցելությունները սկսած էին: Իրիկուն մը Տիգրան սովորականեն կանուխ ընթրած ըլլալով, անհամբերությամբ ժամանակեն առաջ եկավ Մանուկ աղային տանը դուռը զարկավ: Սեղանեն ելած չէին տակավին:

— Լուսի՛կ, սա դուռը բանայիր, ըսավ Բեմպե հանըմ: