— Նորե՞ն Լուսիկ,գոչեց օրիորդը բարկությամբ, հզար անգամ չըսի որ Լուսի, Լուսիկ չպիտի ըսեք ինծի:
Հոմ դպրոցին մեջ ուր սովորություն կա բոլոր հայ անունները ամերիկացնելու, Լյուսի անվաներ էին զայն, և քըրըքճիին աղջիկը կուզեր որ այդ անունը պահեր, որ ազնվականության շեշտ մը կուտար իր անձին:
— Է՛յ, է՛յ, հասկցանք պոռաց Մանուկ տղա, որ անհամեմատ կերպով մեզմացուցած էրիր վարմունքն աղջկանը հանդեպ, Տիգրանին ստեպ երթևեկությանց գաղտնիքը գուշակելեն ի վեր, շուտ սա դուռը բաց, ով է նե անձրևին տակը կսպասե կոր:
Լուսիկ հորը իշխանությանը ենթարկելով հանդերձ շատ չէր սեպեր զայն. երես առած տղու մը պես ուսերը թոթվեց առանց տեղեն շարժելու մինչև որ դուռը կրկին անգամ զարնըվեցավ. այն ատեն տեղեն ելավ, և անհոգ քայլվածքով մը կամաց-կամաց գնաց բանալու:
Բայց ինչ մեծ եղավ շփոթությունը, երբ Տիգրան դիմացը ելավ լապտեր կրող ծառային ընկերակցությամբ:
— Կարծեցի թե տունը չեք, քիչ մնաց ետ պիտի դառնալի, ըսավ բարևելով:
— Ախ, ներեցեք, սանդուխին վրա սանդուխին վրա ճրագս մարեցավ, այդ պատճառով սպասցուցի ձեզի, պատասխանեց Լյուսի, վեր հրամմեցեք:
Ինչպես վարժված էր ստելու այդ աղջիկը:
— Կարծեմ ճաշի վրա եք տակավին:
— Ես չէ, Տիգրան էֆենդի, բյց ծնողքս ակռա չունենալնուն կամաց կուտեն, ես ալ սեղանեն ելլելու համար իրենդ կսպասեի:
Սենյակեն ներս մտնելով, ձեռքի ճրագը սեաղանին դրավ ու ծխախոտի տուփը ներկայացնելով հյուրին, լամպարը առավ տարավ լեցնելու:
Այդ սենյակը որ իրենց ընդունելության սրահն էր կարևոր եղած կարասիներն անգամ չուներ:
Բնավ ճաշակի գործը մը, բնավ սիրուն կահ մը:
Պատուհանին առջև երկու կիսաբազմոց կար ճերմակ ծածկույթներով, նույնպես ճերմակ լաթե