Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարագույները զույգ-զույգ վերցված, մեկ քանի փայտե աթոռներ, և սենյակին մեջտեղը կլոր սեղանը վրան հասարակ սփռոցով մը, որ Բեմպե հանըմին ձեռքի աշխատությունն էր: Պատին վրա հին շրջանակի մը մեջ տպագիր պատկեր մը կախված էր դեղնած, որ կիսագունտի մը վրա կը ներկայացներ տասը տարեկանեն մինչև հարյուր տարեկան մարդու մը կերպարանքները և անոր անկյունները հեզուսված՝ մեկ քանի գունաթափ կենդանագիրներ: Դրանը մոտ, պատին քով, Բեմպե հանըմին օժիտի սնտուկը ոսկեթել ծոպերով կարմիր ծածկոցով մը, և վրան Լուսիկին կարի կողովը, զոր դպրոցին տեսչուհին նվեր տվեր էր իրեն կաղանդի օր մը, և որ խեղճ աղջկան միակ պերճանքն էր: Սեղանին վրա կը կենար ջուրի սրվակ մը, երկու գավաթ տակը կանանչ բուրդե շինված մարգերով, մեկ քանի մոխրամաններ և լուցկիի տուփ մը:

Գեղամոֆ այս անշուք պարզության վրա, ուր մաքրությունը կը փայլեր իր կատարելությամբը, նորեն գոհ նայվածք մը պտտեցնելե ետքը՝ սնտուկին մոտեցավ: Բաց գրքի մը քով, ձեռագիր տետրակ մը գրված էր հոն: Անգլերեն տնտեսագիտություն մըն էր, և տետրակն ալ անոր թարգամունթյունը կը պարունակեր: Ձեռքը առավ զայն թղթատեց, և հետաքրքրվելով խոհանոցի մանրամասնություններեն, սկսավ կարդալ: Գիրը բավական հստակ էր, բայց տառասխալներով լեցուն. բարեբախտաբար Տիրգրան ալ հայերեն ուղղագրութենե շատ չէր հասկնար, հակառակ պարագային նորատի աղջկան բոլոր աշխատանքը ի դերև պիտի ելլեր: Վասնզի այդ գիրքը դիտմամբ գնել տվեր, և կրցածին չափ թարգմանելով հոն գրեր էր, որպեսզի երիտասարդը գիտնա թե որքան կարևորություն կուտա տնական գործերու գիտության: Հոգ չէր սակայն, եթե հյուրասրահին լամպարը մոռցած էր կանխավ լեցնելու:

Լուսիկ երբ սենյակեն ներս մտավ, իր տետրակը անոր ձեռքը տեսնելուն իբր թե զարմացած՝

— Ա՛հ, այդ տետրակը ո՞ւրկե ձեռքերնիդ անցավ, գոչեց:

— Հոս գտա, կարծեմ ներելի է ընդունելության սենյակին