Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ողորմած հոգի Վահանը ճիշդ անոր տարիքը պիտի ունենար հիմակ, եթե մնացած ըլլար, և իրենց աղջիկը, Մելինեն ամեն իրիկուն պատուհանին առջև անոր գալուն կ՚սպասերծ:

Ստեպ կ՚աղաչեին որ ընթրիքի կենա, և չափազանց ուրախ կ՚ըլլային, եթե իրենց խնդիրքը ընդունվեր: Մելինե դաշնակին առջև կ՚անցներ, և դասատուեն գաղտուկ սորված արևելյան եղանակները կը նվագեր, որոնցմե շատ կ՚ախորժեր Սահակ աղան: Բայց խիստ քիչ անգամ կը պատահեր որ երիտասարդը հավաներ հոն կենալու՝ իր քրոջը տանը մեջ մինակ ըլլալը առարկելով:

Որքան քաղցր էին Շահապետյաններուն Գառնիկուն այցելությունները, այնքան ծանր էին իրեն համար, որովհետև անոնց տունը Գեղամոֆի ապարանքին դիմացի փողոցին ծայրն էր, և ամեն անգամ որ կուգար այդ դուռը զարնել, աչվըները ինքնաբերաբար կը դառնային դեպի Բուբուլի սենյակին պատուհանները, որոնք գորովաշարժ հիշատակներով լեցուն էին իրեն համար, և հոգին կը փոթորկեին:

Այդ մետաքսե վարագույներուն մեջտեղեն քանի քանի անգամ նորատի աղջիկը ժպտած էր իրեն, քա՛նի քա՛նի անգամ գիշերանց եկած էր հոն այդ սենյակին մեջ տկար շողի մը դողդոջելու դիտելու, որ իր պաշտելվույն ներկայությունը կ՚ավետներ իրեն, և գոնե անոր գլխուն ստվերը վեժերուն վրա նշմարելու տենչով կեցած էր հոն ժամերով…: Հիմա վանդակափեղկերը փակված էին, և մահվան սառ ամայությունը կը տիրեր ապարանքին վրա:

Սկասա կը հիշեր Ռաֆայելի մեջ Լամարդինի սա տողերը. «Ո՜վ հիշողություն, երկինքին բարի՜քն ևս, թե դժոխքին տանջանքը»:

Եվ միտքը կուգար թե Ժուլիին մահվընեն ետքը, Ռաֆայել ալ իրեն պես կ՚երթար թափառիլ անոր պատուհաններուն ներքև, երկչոտ քայլերով անոր տանը պատին կը մոտենար, անոր ֆրանը կը հպեր, առջևի քարե նստարանին վրա կը նստեր, տանը լույսերը կը դիտեր. ներսի ձայներուն ականջ կը դներ, և վայրկյան մը այնպես կ՚երևակայեր թե անոր կանթեզին լույսը կը տեսնե, թե անոր ձայնին հնչյունը կը լսե.