Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակարանին մեջ ընդունելուն համար, որքան եթե Անգլիո թագուհին այցելության եկած ըլլար իրեն:

Հոն էր Մելինեն, իր մորը հետ առաջին այցելություն մը կուտար անոնց, և ճիշդ այն օրը վրա հասած էր Բուբուլ:

Սոֆի չուզեց սրահը մտցնել իր բարեկամուհին, մտածեց ուրիշ սենյակ մը տանիլ զայն հետը առանձին մնալու պատըրվակով, խնայելու համար գոնե անոր այն տեսարանը, որ այնքան դառն ազդեցություն պիտի ունենար անոր սրտին վրա, և որուն հիշատակը մինչև մահվան օրը չպիտի ջնջվեր:

Ա՜հ, ինչ հույերով, ի՜նչ անզուսպ տենչերով եկած էր Բուբուլ մինչև այդ դուռը: Բանկալթիի փողոցներեն անցած ատեն՝ որոնք այնքան ընտանի էին իրեն, կը դողդողար կառքին մեջ. վախենալով որ արդյոք չպիտի՞ կարենար հասնիլ իր Գառնիկը տեսնելու վայրկյանին. պիտի մեռներ արդյոք անգամ մը զայն գրկելե առաջ, և սրտին խորեն ուխտեր կ՚ըներ աղերսելով Աստուծո, որ իր կյանքը քիչ մըն ալ երկարե, և ձեռքը սրտին դնելով, կարծես բռնել կ՚ուզեր հոգին, որ խույս չտա այդ մեծ երջանկության պահուն:

Գառնիկ ամենևին ուշադրություն ըրած չէր դուրսի ձայներուն, Մելինեն քով՝ անկե զատ բան չէր տեսներ, բայց Ֆուլիկ Հանրմին ստեպ դեպի դուռը դառնալը նշմարելով, կասկածեցավ, որ Սոֆիին ուշանալը մեծարանքի պակաս մը չնկատվի հյուրերեն, և տեղեն ելավ զայն կանչելու համար:

Մարդ մը՝ որ հեշտաբույր ծաղիկներու մեջ պտըտած ատեն՝ օձի մը վրա կը կոխե հանկարծ, ի՛նչպես կ՚ահաբեկի, ի՛նչպես կը քստմնի, նույն ազդեցությունը կրեց Գառնիկ նըշմարելով Բուբուլին հալած դեմքը դրան վարագույներուն ընդմեջեն: Անցյալին այդ համառ ուրվականը, որ իր ամենեն գեղեցիկ երազներուն մեջ կը հալածեր զինքը շարունակ, հիմակ ալ կուգար իր երջանկությանը մեջ խառնվելու և զայն տակնուվրա ընելու: Եվ մարմին առած էր ուրվականը, իր ձեռքերը կը բռներ, իր ուսին վրա գլուխը դրած՝ կ՚արտասվեր, իր Գառնիկը կ՚անվաներ զինքը, անհագ կարոտի մը բոլոր հրայրքովը փարելով իրեն:

Ցուրտ քրտինք մը կը հոսեր երիտասարդին ճակտեն վար