Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜լ քաղաք մը չէ որ կ՚ապրիս, անապատ մըն է, որուն գազանները ոտք ելած են. անոթիներու տիրապետությունն է, որոնք գոռում կը հանեն, ահ ու դող կը սփռեն, երկինքին ու դժոխքին դուռները խորտակելու պատրաստ, անոր բոլոր ուրվականներուն հետ ոգորելու հանձնառու, ուրվականներ իրենք ալ, վտիտ ծյուրած մարմիններով, որոնց ոսկորներուն մերկ ու սուր ցցունքները դանակի ծայրերու պես սիրտդ հոշ հոշ կը կտրտեն:

Անոնք որ հաց ունին, անոնք որ կուշտ են, չեն համարձակի տուներնեն դուրս ելլել. անոթի չըլլալու ոճիրը խղճի խայթի մը պես կը չարչրկե զիրենք: Խոսելու կը վախնան, կարծիք չունին, ամենուն սևեռյալ մտածումը սովն է, տժգույն սարսափը որ լեռներն ի վար կիջնե օրե օր, չար ոգիի մը պես, ու իր պողպատե հսկա մատերուն մեջ կը սեղմե բոլոր կսկորդները, սիրտերն ալ, գլուխներն ալ, սպառնալով այն հեռավոր ու անծանոթ վախերով, որոնք իրականութենեն ավելի ահռելի են:

Այս ընդհանուր արհավիրքին մեջ, բռնազբոսիկ մարդասիրության կեղծ մթնոլորտ մը կը դոյանա, ամենքը իրարու եղբայր կը դառնան. թշնամությունը, ատելությունը զինադուլ կընեն պահ մը մեծ վճիռին՝ մահվան առջև, որ քով քովի կը բնակի քեզի հետ, դիմացի տունդ, հոն փողոցին անկյունը, թերևս վարը, սանդուխին ոտքը: Բայց կեղծ զրկյալները նորեն իրենց պժգալի դերը կը խաղան, ագահները, մարդկության կեղտը, որոնց ամբարները լեցուն են, և որոնք հետին մուրացիկին հետ պատառ մը սև հացով կը պառկին:

Ամեն առտու, ամեն իրիկուն պատուհանիս առջև նստած կսպասեի այս խռովիչ հուզումներուն. չեմ գիտեր ինչու թերևս անոթի չոլլալու մեղքս կուզեի քավել, այդ ցավատանջ ամբոխին տառապանքներուն մասնակից ըլլալով հեռուեն: Եվ երբ ճաշի ժամը կը մոտենար, երբ բարեգործական փուռերուն փոքրիկ լուսամուտները կը բացվեին և խուժանը կը հարձակեր զիրար տապալելով, կոխկոտելով, ձյունին ու բուքին մեջեն ձեռքե ձեռք բզիկ-բզիկ հափշտակելով չորաբեկ հացին բեկորը, և անդին բոլոր քաղաքը կը լռեր, հարգելով