կյանքի դժնդակ կռիվը սովյալներու, ինծի այնպես կուգար թե ես ալ մասը կը կազմեի այդ ամբոխին, ես ալ անոր հետ կը մոտենայի այդ խորունկ փոքրիկ լուսամուտին ու կը հեռանայի անկե, ուրկե դուրս պիտի ելլեր կյանքը հացի մը փշրանքով: Եվ ամեն մեկ անհատի հետ որ ձեռքը կ՚երկնցներ, կը կրեի իրեն հուզումը, հասնելու, չհասնելու, հուժկու բազուկներե ետ մղվելու, դատարկ ելլելու վախովը սիրտս կը տրոփեր, ու կ՚ապրեի բոլոր սովյալներուն կյանքը, կուլայի անոնց արյուն արցունքը:
⁂
Դեռ այս կռիվը դադրած չէր սակայն, բայց հուսահատությունը տակավ կ՚անհետանար սառնամանիքներուն հետ: Նոր հունձքերուն հույսովը կ՚օրորվեր անոթի գյուղացին, և հոգնություն կ՚առներ իր տխեղծ անդամները, տաքցնելով արևուն ջերմիկ ճառագայթին տակ: Եվ ահա նոր սովին արհավիրքը կ՚սկսեր տիրել ամեն կողմ: Ալ անոթի մարդոց պոռչտուքը չէր որ բարեկեցիկ դասուն դեմ լուտանք կ՚արձակեր: Մարդոց անիրավության գաղափարը պզտիկցած, անհետացած էր երկինքին անարդարության հանդեպ որ իր անձրևի կաթիլը կը զլանար անոր դաշտերուն, որոնք կը ճաթեին, կը ճեղքրտվեին, կը ցամքեին այրելով, խամրելով, կռնծելով բոլոր արմտինքը: Արտերուն մեջ ցորենին ծիլերը խանձած, մրկած հողին կը փակչեին. կապուտիկը միայն, սովի ծաղիկը, իր աչքերը խոշոր խոշոր կը բանար ասդին անդին, ցոլացնելով անայլայլ բիլը պայծառ անգութ երկինքին: Նշենին, թթենին, կեռասենին մերկ ու չոր կմախքներ կ՚երկնցնեին օդին մեջ ընդհանուր սուգին սևերուն փաթթված:
Հիմակ հարուստն ալ, աղքատն ալ, մեծն ալ, պզտիկն ալ, ամեն ազգե, ամեն կրոնե մարդիկ գլուխնին կը դնեին արհավիրքին սպառնալիքին տակ. ցավի ընդհանուր դաշնակցությունը կը կազմվեր գերագույն գթության դիմելու կամ անոր դեմ բողոքելու համար: