չի ենթարկվել, մանավանդ որ այժմ դրությունը փոխվել է։ Բայց մեծամասնությունը կողմնակից է, որ խնդիրն անմիջապես այս կամ այն լուծումը ստանա։
ՈՐՈՇՈՒՄ. Նախագահը ձևակերպում է հարցն այսպես. «Ինչպես
որոնված էր առաջ, Հայոց ազգային խորհուրդը տեղափոխվում է
Երևան, հայտարարում է իրեն Հայաստանի Հանրապետության պառլամենտ «Հայաստանի Խորհուրդ» անունով և կազմում է կառավարություն»։
Այս որոշումն ընդունվում է առանց առարկության։
Ինչ վերաբերում է եռապատկման խնդրին՝
Ստ. Մամիկոնյանն առաջարկում է այս խնդիրը թողնել և վերջնական
լուծումը տալ Երևանում, բայց մյուսները՝ (Ա. Բաբալյան,
Ս. Հարությունյան, Լ. Թումանյան) այն կարծիքին են, որ խնդիրը վաղօրոք
պիտի որոշվի, որպեսզի կուսակցություններն իմանան, թե ի՞նչ
թվով անդամներ են ուղարկելու Թիֆլիսից Հայաստանի Խորհրդի համար։
Ռ. Քաջազնունին, կողմնակից լինելով հանդերձ, որ եռապատկումը
շատ-շատ է, այնուամենայնիվ նպատակահարմար է համարում
այդ խնդիրը քննել Երևանում և եթե որևէ կուսակցություն անհրաժեշտ
կհամարի նոր մարդ հրավիրելու Թիֆլիսից, կարող է այդ անել հետագայում։
ՈՐՈՇՈՒՄ. Խնդիրը դրվում է քվեարկության և որոշվում է.
«Ազգային խորհուրդը ներկա կազմով տեղափոխվում է Երևան, իսկ
եռապատկման խնդիրը քննվում է այնտեղ՝ տեղական հանգամանքների
և տրամադրությունների հետ ծանոթանալով»։
Ապա հարց է բարձրանում օրվա մասին, թե ե՞րբ գնալ։
Ռ. Քաջազնունին առաջարկում է 3 օրվա մեջ կատարել բոլոր
նախապատրաստական աշխատանքները և չորեքշաբթի, ամենաուշը,
մեկնել՝ կամ Աղստաֆայով, որի համար Ադրբեջանի կառավարությունը
խոստանում է իր աջակցությունը[1] և կամ մինչև Սանահին, այնտեղից ձիով Դիլիջան և ապա Երևան։
- ↑ Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Մահմեդ Ջաֆարովն իր օժանդակությունն էր խոստացել 33 իշխանության կենտրոնական մարմինները Երևան տեղափոխելու գործում։