Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Ստամբոլցյան. Երևանի պահանջը բխում է ոչ թե անձնական անկարողությունից, այլ երկրի ծայրաստիճան վատթար և անել դրությունից։ Երբ Երևանն իրեն ուժեղ էր զգամ, բնավ հաշվի չէր առնում գերագույն մարմնի[1] որոճումները և անկախ կերպով վարում էր գործերը՝ շատ անգամ հակառակ նրա որոշման, ինչպես ......[2], թուրքական գյուղերի ոչնչացումը և այլ խնդիրներում։ Եթե այսօր նրանք Խորհրդի վերադարձն են պահանջում, այդ միայն ցույց է տալիս նրանց անճարակությունը երկրի կարիքների հանդեպ։ Տաճկական վտանգը, դրամի, հացի պակասությունը, գաղթականությանը, ներքին անարխիան, ահա դժվար հարցերը, որի ծանրության տակից չեն իմանամ ինչպես դուրս գալ։ Կռի՞վ, թե համակերպություն տաճկական սպառնալիքի հանդեպ, ահա հիմնական խնդիրը, որը Երևանը չի ուզում միայն իր պատասխանատվությամբ լուծել։ Որոշեցեք այս խնդիրը և նրանց ազատած կլինեք ամենամեծ ծանրությունից, լուծեցեք դրամի, հացի խնդիրը և նրանց պահանջը բավարարված կլինի։ <Եթե> առանց այս պայմանների փոփոխման Ազգային խորհուրդը գնա, դրությունը չի փոխվի, որովհետև գուցե անձնապես նրանք ավելի կարող ուժեր են, քան այստեղ նստածները։ Խնդիրը, ուրեմն, երկրի դրության, կարիքների բավարարումն է, որն ավելի շատ այստեղից կարելի է կատարել, քան Երևանում, ուստի և անհրաժեշտության է դառնում Ազգային խորհրդի այստեղ մնալը։ Եվ եթե այդ հիմնական պահանջներին փոքր ի շատե բավարարություն տրվի, Խորհրդի փոխադրվելն իր նշանակությունը կկորցնի. Երևանը կկարողանա իրեն կառավարել, ինչպես մինչև օրս արել է։


Մեսրոպ եպիսկոպոս. Նոր վերադարձած լինելով Երևանից՝ համաձայնում է նախորդ ճառախոսի հետ, որ նրանց թուլությունն է ստիպում դրսի օգնությանը դիմելու։ Օգնության հասեք նրա հիմնական կարիքներին՝ դրամի և պարենի, և խնդիրը փակված կլինի։ Այն ժամանակ բավական է ուղարկել զինվորական վարիչին և մի քանի մարդկանց, որն ավելի շատ հոգեբանական նշանակության կունենա, բան իրական։

  1. Այսինքն՝ Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհրդի։
  2. Բնագրում բացթողում է։