Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արշ. Մխիթարյան. Մենք ինքներս մեզ կազմալուծում ենք՝ ընդհանուրը վերածելով մասնավորի։ Պատերազմի դեպքում, երբ կարիք լինի, բանակցություններ կարող է վարել զորահրամանատարը։ Հայ ժողովրդական կուսակցությունը չի ցանկանում, որ ընդհանուր հայկական Խորհուրդը քայքայվի։


Սիր. Տիգրանյան. Այստեղ խնդիր չի դրվում Խորհուրդը քանդելու, այլ թե ինչպես նրանց օգնության հասնել։ Բոլորն էլ համաձայն են, որ ներքին գործերը նրանց վերապահվի, իսկ արտաքինը՝ Խորհրդին։ Բայց ներքին խնդիրներն էլ այնպիսին են, որ կապ ունեն արտաքին խնդիրների հետ։ Իսկ եթե Երևանում իշխանություն կազմվի, նրանք կարող են թույլ չտալ, որ արտաքին <գործերը> Թիֆլիսը վարի։


Ստ. Մամիկոնյան. Պետք է խնդիրը լավ պարզաբանել և համաձայնության գալ, ոչ թե հարցը լուծել քվեարկությամբ։ Եթե այս խնդիրը ներքին բաժանման առիթ տա, ինքը ձայն չի տա։


Ա. Երզնկյան. Թող 3 լիազորները գնան Երևան, ծանոթանան երկրի դրության հետ, հետո նորից քննենք այս խնդիրը։ Իսկ այժմ գերագույն մարմինը մնում է Թիֆլիսամ։


Նախագահն[1] ամփոփում է և քվեարկության դնում հետևյալ գրավոր բանաձևերը.


I. Հ. Քաջազնունիի <բանաձևը>. Քանի որ Ազգային խորհուրդը հրաժարվում է Երևան փոխադրվելու և այնտեղ Հայաստանի Պետական Խորհրդի[2] վերածվելու և քանի որ պետական իշխանությունը չի կարող կտրված մնալ երկրից ու ժողովրդից, ինչպես նաև չի կարող ունենալ երկու կառավարություն՝ մեկը Երևանում, մյուսը՝ Թիֆլիսամ, առաջարկում եմ հետևյալը. Երևանում կազմակերպվում է Հայաստանի կառավարություն։ Ազգային խորհուրդը հաստատում է այդ կառավարությունը և տեղեկացնում է օտար պետություններին, թե այդպիսի կառավարություն կազմակերպված է և նրան է հանձնարարում Հայաստանի անունից խոսելու օտար պետությունների հետ։ Այս ակտից հետո Ազգային խորհուրդն ընդհատում է իր գործունեությունը երկու

  1. Ա. Սահակյանը։
  2. Նախապես որոշվել էր այսպես կոչել Հայաստանի գերագույն օրենսդիր մարմինը։ Տես № 20 փաստաթուղթը։