Կենտրոնական ազգային խորհուրդը։ <Ամսի> 19-ի առավոտյան, երբ հայտնի եղավ Խորհրդի գալստյան լուրը, ամենքը սպասողական դրության մեջ էին։ Պատրաստություններ էին տեսնվում պատշաճ ընդունելություն ցույց տալու եկողներին։ Առավոտվանից փակ էին խանութները, փողոցները մաքրված ու զարդարված դրոշակներով։ Աստաֆյան փողոցի վրա և քաղաքային ինքնավարության շենքի առջև կանգնած էր պատվո պահակ։ Խորհրդին դիմավորելու համար Երևանի ազգային խորհրդի և վարչության կողմից Ներքին Ախտա էին գնացել Մահակ Թորոսյանը, Արամ Մանուկյանը, Գրիգոր Տեր-Խաչատրյանը և Հովակիմ Բուդադյանը։ Իսկ քաղաքում ընդունելությանը մասնակցելու համար հրավերներ էին ուղարկված պաշտոնական հաստատություններին, օտարազգի խորհուրդներին և ներկայացուցչություններին։ Խորհուրդը ճանապարհին կանգ է առել Ախտայում, ուր տեղի է ունեցել զորահանդես։ Զորահանդեսն ընդունել է Կենտրոնական ազգային խորհրդի նախագահ Ա. Սահակյանը։ Այնուհետև Քանաքեռում գեներալ Թ. Նազարբեկյանի կողմից պատվո նախաճաշ է տրվել, որից հետո Խորհուրդը ճանապարհվել է դեպի Երևան, ուր և ժամանեց երեկոյան ժամը 11-ին։ Քաղաքային ինքնավարության շենքի առջև հրավիրված ներկայացուցիչների հետ միասին քաղաքագլուխ Թ. Տոշյանը Խորհրդին դիմավորելով՝ աղ ու հաց մատուցեց և ողջույնի հետևյալ խոսքն ասաց.
<Կենտրոնական> ազգային խորհրդի մեծարգո նախագահ,
Հինավուրց Երևանը, ի դիմաց Ձեզ, ողջունում է Ազգային
խորհրդի և կառավարության մուտքն իրենց մայրաքաղաք։ Քաղաքիս
բնակչությունը և ինքնավարության ձայնավորները համոզված են, որ
ձեր գալով կսկսվի Հայաստանի Հանրապետության մեջ ստեղծագործական
և կույտուրական աշխատանք և որ կառավարության հմուտ և
իմաստուն ղեկավարությամբ կբարգավաճի մեր հայրենիքն ու Երևան
քաղաքը։ Ես ինձ անչափ բախտավոր եմ զգում, որ առաջինն եմ, որին
վիճակված է իր բազմաչարչար հայրենիքի կառավարությանն աղ ու
հաց մատուցել։ Կրկին անգամ ողջունում եմ Ձեր մուտքը՝ բարի գալուստ
մաղթելով Ձեզ և Ձեր հետ եկած հյուրերին։