Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2) Կենտրոնական ազգային խորհրդի զեկուցումն արդի քաղաքական կացության մասին։


3) Իշխանության կազմակերպության հարցը։


Հերթի է դրվում առաջին հարցը։ Երևանի ազգային խորհրդի գործունեության մասին բավական մանրամասն զեկուցում է տալիս նույն Խորհրդի ժամանակավոր վարչության նախագահ Արամը։ Երեք քառորդ ժամ տևող զեկուցման մեջ ընկերը մի առ մի կանգ է առնում բոլոր այն խնդիրների վրա, որոնցով մտահոգվել է Երևանի ազգային խորհուրդն իր 7-8 ամսվա գործունեության ընթացքում։ Շեշտվում է այն, որ այդ խնդիրներից կարևորագույնը եղել է հայ զորքի կազմակերպումն ու պարենավորումը։ Իրերի ընթացքով այս ծայրաստիճան պատասխանատու և դժվարին գործի ամենախոշոր մասը ծանրացել էր Երևանի վրա. այն Երևանի, որը հայկական բանակի կազմակերպման հենց սկզբնական շրջանում կտրվեց դրսի աշխարհից և մնաց ինքն իր ուժերին։ Դրամի և դրսի որևէ օժանդակության կատարյալ բացակայությամբ սկսվեց այդ ծանր գործը և նա բնականորեն, - ասում է զեկուցանողը, ֊ չէր կարող կատարյալ լինել։ Թիֆլիսը ոչ միայն օգնության չէր հասնում մեզ, այլ նույնիսկ մամուլի որոշ օրգաններում խարազանում էր Երևանի ինքնագլուխ քայլերը։ Մեծապես դժվարացնում էր գործը նաև այն, որ Անդրկովկասյան կոմիսարիատն ուշացնում էր զորահավաքի դեկրետը։ Չնայած այս բոլոր արգելառիթ հանգամանքներին՝ Երևանը շարունակում էր իր սկսած մեծ գործը։ Սահմանին մոտ լինելով՝ բնազդորեն նա ավելի լավ էր զգում իր դրության վտանգված լինելը, ուստի և ջանքեր էր թափում որևէ կերպ ինքնապաշտպան արյուն կազմակերպել։ Բայց Երևանի նահանգի զանազան մասերը հավասար չափով չմասնակցեցին ընդհանուր հայրենիքի պաշտպանության գործին։ Ալեքսանդրապոլը շատ ուշ մասնակցեց, Նախիջևանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ստիպված էր իր զորամասերը պահել տեղն ու տեղը, իսկ ամենահայաշատ շրջան Նոր Բայազետը դավաճանորեն չմասնակցեց որևէ կերպ։ Եվ այդ գավառի պատմությունը ապագա պատմագիրը սև տառերով պիտի գրի, - ասաց ընկերը։