Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան, 2-ական էսէռ, էսդեկ և ժողովրդական եռապատկումով այնքան էլ մեծ թիվ չպիտի ստացվի։ Անկուսակցականները, կասկածից դուրս է, որ եռապատկվել չեն կարող. Կենտրոնական ազգային խորհրդում եղած 3 անկուսակցականներին՝ Պետ. Զաքարյանին, Ստ. Մամիկոնյանին և Տ. Բեկզադյանին պիտի համարեն Հայաստանի Խորհրդի անդամ, իսկ մյուս անկուսակցականների հարցը թողնվում է իրեն՝ պառլամենտին։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ փոքրամասնություն կազմող ազգություններն էլ պիտի իրենց թվի համեմատ ներկայացուցիչներ ունենան Հայաստանի Խորհրդում։ Կուսակցությունների ցուցակներն ընդունելու, ազգությունների հետ բանակցություններ վարելու, պառլամենտի բացման օրն ու օրակարգը որոշելու համար ընտրվում է մի կոմիսիա կուսակցությունների մեկական ներկայացուցիչներից։ Այս առաջարկը համարյա ամբողջությամբ ընդունելի է համարվում նաև սոցիալիստի-հեղափոխական և սոցիալ-դեմոկրատ ֆրակցիաների կողմից։ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ Արշ. Մխիթարյանն ու Ստ. Մալխասյանն է, որ բողոքում են եռապատկման դեմ. այս ֆրակցիան առաջարկում է մեր երիտասարդ պետության ֆինանսները չծանրաբեռնելու համար բավականանալ կրկնապատկումով։ Պարոն Ա. Մխիթարյանը գտնում է, որ կրկնապատկման կամ եռապատկման մեջ առանձին տարբերություն չի լինի, եթե ի նկատի ունենանք, որ պառլամենտում հարցերը քննվում ու որոշվում են ըստ ֆրակցիաների, ուստի և թիվը՝ լինի նա 12 կամ 18, 4 կամ 6, առանձին նշանակություն չի կարող ունենալ։ ժողովրդական կուսակցությանը պատասխանում են մյուս երեք կուսակցությունների ներկայացուցիչները՝ Արշ. Խոնդկարյանը, Հայկ Ագատյանը և Խաչ. Կարճիկյանը։ Այս երեք ֆրակցիաներն էլ գտնում են, որ պառլամենտի իդեան ժողովրդի աչքում չսպանելու և դրական ու օրգանական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է անպայման եռապատկել, թեև մեր երկիրը շատ փոքր է և նորմալ ժամանակ գուցե կարողանա այդ երկիրը կառավարել միայն մի գավառապետ իր մի քանի պաշտոնյաներով, ինչպես նկատում է պարոն Ա. Մխիթարյանը, բայց, այնուամենայնիվ, հիմա այն ժամանակը չէ, երբ մեկը կամ մի քանիսը կարողանային մեր մրրկվող երկրում կարգ ու կանոն մտցնել չկա