Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«թեթևացնելու» Հայոց ազգային խորհրդի ճանապարհորդությանը, վերջինիս և Հայաստանի կառավարության անդամների չարչարանքները շարունակվեցին մինչև Վրասաանի սահմանները։ Փոյլի կայարանում վրացական սահմանապահ զորախումբը, ոչ-ոքից տեղեկություն չառնելով Հայոց ազգային խորհրդի ճանապարհորդության մասին, ուզում էր ձեռնարկել խուզարկություն այն վագոնում, որով գնում էին Հայոց ազգային խորհրդի անդամները, և միայն գերմանացի օֆիցերների[1] միջամտության շնորհիվ, որոնք մեկնում էին Հայոց <ազգային> խորհրդի հետ Երևան, հաջողվեց ազատվել այդ ստորացուցիչ ձևականությունից և անարգել անցնել սահմանը։


Ի նկատի ունենալով դառը փորձը՝ Հայոց ազգային խորհրդի անդամները և նրանց ուղեկիցները չափազանց զարմացան այն ընդունելությունից, որ ցույց տվին նրանց Ադրբեջանի սահմաններում՝ Աղստաֆա կայարանում և Ղազախ քաղաքում։ Ադրբեջանի սահմանում Հայոց ազգային խորհրդի անդամներին դիմավորեցին նահանգապետը[2] և կոմենդանտը։ Չիմանալով Խորհրդի գալու ճիշտ օրը՝ նահանգապետը և զինվորական իշխանության ներկայացուցիչը երկու օր շարունակ եկել են կայարան և հետ գնացել։ Շրջակա գյուղերի թաթար գյուղացիները, ժողովվելով կայարանում, դիմավորեցին երաժշտությամբ։ Ղազախում իշխանությունները պատրաստել էին ընթրիք և իջևան՝ Հայոց ազգային խորհրդի անդամների և նրանց ուղեկիցների համար։ Ուշ լինելու պատճառով Խորհրդի անդամները ստիպված էին հրաժարվել սիրալիր հրավերից և մնացին գիշերելու Աղստաֆայամ գնացքի մեջ, որպեսզի վաղ առավոտյան առաջ գնան։


Հետևյալ օրը վաղ առավոտյան Ազգային խորհրդի անդամները մեկնեցին Երևան։


Առհասարակ հարկավոր է ընդգծել այն չափազանց սիրալիր վերաբերմունքը, որ ցույց տվեցին Հայաստանի կառավարությանը և Ազգային խորհրդի անդամներին թուրքերը և թաթարները։


«Մշակ». 24 հուլիսի 1918 թ.. № 143։

  1. Սպաների:
  2. «Кавказское слово» թերթում այդպես է. պետք է լինի «գավառապետը»։