Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 95

«Աշխատավոր» թերթը Երևանում ՀՀ օրենսդիր և

գործադիր մարմինների առաջիկա անելիքների մասին

28 հուլիսի 1918 թ.[1]


Հայոց ազգային խորհրդի Երևան հասնելը, ինչպես մենք նախատեսել էինք, բուռն ոգևորություն է առաջացրել մեր բնագավառի ազգաբնակչության մեջ և նոր եռանդով ու հույսերով լցրել նրան։


Արդեն իսկ առաջին օրից այնտեղ կազմվել է կառավարություն, որոշվել Հայաստանի Խորհրդի խնդիրը և այսօր մենք հավատացած ենք, որ Թիֆլիսի ճահճացած մթնոլորտից դուրս ճողոպրած Ազգային խորհուրդը Երևանում ընդունակ կլինի շինարարական աշխատանք կատարել, մի բան, որ այժմ չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Եվ այդ աշխատանքի հնարավոր և արդյունավետ լինելու լավագույն գրավականն այն որոշումն է, ըստ որի թե Հայաստանի Խորհրդի և թե կառավարության աշխատանքներին մասնակից պիտի լինեն նաև երկրում փոքրամասնություն կազմող մահմեդական ազգաբնակչության ներկայացուցիչները, որովհետև միայն բնագավառի բոլոր ազգությունների գործուն աժերի հավաքական աշխատանքն է, որ կկարողանա թեթևացնել երկրի օրհասական վիճակը, միայն բոլոր կուսակցությունների շինարար ուժերի համագործակցությունն է, որ հնարավորություն կտա լավագույն ձևով որոշել այն խնդիրները, որոնք իրենց ամբողջ ծանրությամբ մինչև օրս ընկել էին մի շարք ընկերների վրա։


Եվ այդ տեսակետից Երևանում ստեղծված մթնոլորտն այնքան է նպաստավոր աշխատանքի համար, որ մենք արդեն մի վայրկյան անգամ չենք կասկածում, որ այնտեղ այլևս ամիսների ընթացքամ չեն խոսի նախագահական, մինիստրական և այլ բազկաթոռների «արդար» բաշխման մասին, այլ անմիջապես գործի կդիմեն։


Դրա գրավականը երկրի բոլոր կուլտուրական-շինարարական և հեղափոխական գործուն ուժերի համախմբումն է, դրա գրավականը հայ բնագավառի բազմատանջ ժողովրդի ծով կարիքները բավարարելու հրամայականն է։

  1. «Աշխատավոր» թերթում հոդվածի տպագրության ժամանակը: