Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 97

«Մենք և Հայոց ազգային խորհուրդը»

խորագրով հոդված սոցիալիստ հեղափոխականների

«Աշխատանքի դրոշակ» թերթում

1 օգոստոսի 1918 թ.[1]


Այժմ, երբ Հայոց ազգային խորհուրդը գնացել է Երևան Հայաստանի պառլամենտ ու իշխանություն կազմելու, անհրաժեշտ է պարզել մեր տեսակետը դեպի այդ հիմնարկությունն առհասարակ և նրա կատարելիք դերը մասնավորապես։


Հայոց ազգային խորհուրդը կազմվել էր անցյալ տարվա հոկտեմբեր ամսին՝ բոլոր քաղաքական կուսակցությունների համաձայնությամբ և մասնակցությամբ։ Սակայն տարբեր կուսակցություններ տարբեր վերաբերմունք ու մասնակցություն են ունեցել այդ հիմնարկության մեջ։


Մեր կուսակցությունն էլ մտավ Ազգային խորհրդի մեջ և մասնակցեց նրա գործունեությանը որոշ վերապահումներով՝ մնալով հավատարիմ Սոցիալիստ-հեղափոխական կուսակցության գաղափարներին ու ընդհանուր գործելակերպին։ Մենք մտանք Ազգային խորհրդի մեջ ոչ թե նրա համար, որ այդ հիմնարկությանը ճանաչում էինք միակ իրավատեր օրգանը հայ ժողովրդի մեջ։ Ոչ, մեր նպատակն էր ազատել հայ դեմոկրատիան այն վտանգավոր մեկուսացումից, որի մեջ նա ընկել էր մի շարք պատմական պատճառների շնորհիվ։ Չմասնակցել այդ խորհրդին՝ կնշանակեր հայ դեմոկրատիայի բախտը նորից հանձնել այն անպատասխանատու ու արկածախնդիր կուսակցություններին, որոնք իրենց երկարամյա գործունեությամբ ստեղծել էին մի ծանր ու դժվար կացության հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։ Իսկ այս հանգամանքը մեզ համար շատ կարևոր նշանակություն ուներ, և մենք չէինք կարող հանուն սկզբունքային անաղարտության օրգանական մասնակցություն չունենալ Ազգային խորհրդի գործունեության մեջ և բավականանալ լոկ անպատասխանատու օպոզիցիա–

  1. «Աշխատանքի դրոշակ» քերթում հոդվածի տպագրության ժամանակը։