— 1941-ի օգոստոստին զորակոչվեցի բանակ։ Հավաքատեղին մոտ էր, Երևոնի կաուչուկ գործարանից ոչ հեռու։ Այստեղ ես ծանոթացա երևանաբնակ, ծննդով դդմաշենցի Երվանդի հետ, որը և դարձավ իմ մտերիմ ու մարտական ընկերը։
Հավաքակայանում մեզ 25 զինվորների հետ առանձնացրին և ուղարկեցին Գումիստա (հայկական բնակավայր), կրտսեր հրամկազմի ուսումնարանում սովորելու։ Վեց ամիս սովորելուց հետո, 1942–ի հունվարին ավագ սերժանտի կոչումով Երվանդը ուղարկվեց 477-րդ ավիացիոն զորամաս և նշանակվեց ավտոտրանսպորտի վաշտի հրամանատար։ 1942-ի փետրվարին մասնակցեց Կերչ քաղաքի համար մղվող մարտերին։ Թշնամին չէր նահանջում, համառ դիմադրություն էր ցույց տալիս։ Ստացվեց մեր հարկադրական նահանջի հրամանը, որի կատարումը իրականացնում էր Նժդեհը։ Առանց որևէ կորստի հասանք Կամիշբուրուն։ Նավահանգստում նեղուցն անցնելու համար տարբեր զորամասերից հավաքվել էին մեծ թվով զինվորականներ։ Փոխադրամիջոց չկար։ Երվանդը շրջում է և ծովախորշում պատահմամբ գտնում է մի փոքրիկ նավակ, թիավարելով բերում է և հինգ հոգով՝ քաղղեկ մայոր Բորիսովը, հրամանատար Լև Լենսկին, բաքվեցի Ստյոպա Սարգսյանցը, ես ու Երվանդը թիավարելուվ կտրում-անցնում ենք նեղուցի յոթ կիլոմետրանոց տարածությունը։ Թիավարողը հիմնականում Երվանդն էր։ Նավակից դուրս գոլով՝ շարժվում ենք առաջ։ Մոտակա ճանապարհին քաղղեկը ծանր վիրավորվեց, իսկ մենք մի կերպ հասանք նախկին ծառայության վայրը՝ Գումիստա։ Փոխգնդապետը, որը շտաբի պետն էր, հետը վերցրեց էլ զորամասի դրոշը, կլոր կնիքը և շտամպը։ Նա նորից ձևավորեց նախկին 477-րդ զորամասը և այն համակազմվեց որպես նոր զորամաս։ 1942-ի հունիս-հուլիս ամիսներին այդ զորամասը ընդունվեց Տուապսե քաղաքի ռազմածովային բազայի հրամանատարի կողմից։ Զորամասը մեկնեց Գելենջիկի մատույցները։ Քաղաքն ավերված էր։ Նժդեհը մեկ անգամ չէ որ գոտեմարտի է բռնվում գերմանացի զինվորների հետ։ Երկու անգամ գիշերով մտել էր գերմանացիների խրամատը և անվնաս վերադարձել՝ բերելով կարևոր տեղեկություններ և «լեզու»։ Զորամասի տղաները ականատես են եղել, թե ինչպես փամփուշտները վերջանալուց հետո, Նժդեհը հրացանի խզակոթով կռվել է երկու ֆաշիստի դեմ ու հաղթել։ Ձեռնամարտերից մեկի ժամանակ էլ հերոսաբար զոհվեց մեր սիրելի ընկերը։ «Անփոխարինելի էր Երվանդի կորուստը։ Նա սովորական զինվոր չէր։ Նա մեր գումարտակի պաշտելին էր, մեր պարծանքը։ Նա զոհվեց, երբ ընդամենը քսաներկու տարեկան էր»։