Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՆՅԱԶ ՌՈՒԲԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնողների միակ տղան էր, որի հետ մեծ հույսեր էին կապել հայրը՝ Ռուբենը, մայրը՝ Մայինը, Հայկո և Վարդուշ քույրերը։

Նոր էր բոլորել Կնյազի 18 տարին։ Ավարտեց գյուղի միջնակարգ դպրոցը, անմիջապես մեկնեց ռազմաճակատ։ Հայրը տարիներ շարունակ սևագործ բանվոր է եղել Բաքվում։

Ծնողները երկար սպասեցին իրենց որդու վերադարձին։ Մի ժամանակ նրանք մխիթարվում էին խիստ կարճառոտ նամակներով։ Դրանք էլ կտրվեցին։ Այդպես էլ աչքերը որդու ճանապարհին՝ մահացան խեղճ ծնողները, սիրասուն որդու կարոտը սրտերում։

Իսկ Կնյազի անունը հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԱՐԴԱ, ԳԵՎՈՐԳ ՋԱՆ...

Անգրագետների խմբակ չէր հաճախում, սակայն հաճախ պարտավորեցնում էին, որ խրճիթ-ընթերցարանում լրագրեր կամ որևէ գրքից հատված կարդա անգրագետների համար։ Հաճախորդների զգալի մասը կանայք էին։

— Մեկ անգամ էլ կարդա, Գևորգ ջան,— խնդրում էին կանայք։ Չէր զլանում հետաքրքիր հատվածները կարդալ երկրորդ, երրորդ անգամ։

— Օրհնվես...

Աշխատանքի հմուտ կազմակերպիչ էր։

Ճակատագրի բերումով ռագմաճակատ մեկնեց առաջին իսկ հավաքին, եղբոր՝ Սարգսի հետ միասին։ Դեկտեմբերին ստացվեց նրա անհայտ կորչելու գույժը։

Սարգիսը տուն վերադարձավ ծանր վիրավոր, կառավարական բազմաթիվ պարգևներով։

ՀԱՌԱՉԱՆՔԻ ԱՅԳԻՆ

Գիշերն անցնում էր անաղմուկ։ Այգում լռություն էր։ Այգում մի քանի ծառ կար ու կտրված ծառի հարթ կոճղ, որի վրա նստում էր Սիմոնը ու խորհում եղբայրների մասին։ Եղբայրների Աթաբեկը, Գագիկը, Վանիկը... որտե՞ղ են հիմա... 

«Ինչո՞ւ ինձ չեն կանչում...»։

Հուլիսի 2-ին կանչեցին նաև Սիմոն Հակոբյանին։ Մեկնելուց առաջ մտավ այգի։ Նայեց ծառերին։ Սրեք կանաչ ծառ ու մի կոճղ։ «Երևի այս կտրված ծառն իմ ծառն է»։