ԱՐՏՅՈՄ ԳԵՈՐԳՈՒ ՍԱՀԱԿՅԱՆ
Նրանք պատկանում են մարդկանց այն խմբերին, ովքեր գիտակցում են ճշմարտության պես ընդունել կանգնած մեռնելու գաղափարը, ովքեր իրենց գերեզման-սրբավայրի համար հեղել են սեփական արյունը՝ դառնալով լեգենդ, դառնալով իրենց հավերժական հանգրվանի տերը։ Նրանք արդեն մասնիկներ են հողի, իսկ հողը երբեք չի նվաճվի, որովհետև հողը հավերժական է։
Արտյոմի մասին հրաշալի է գրել Հակոբ Սրապյանը, («Հայաստան» 25 հունիսի, 94թ.) գրել է շնորհավորելով զոհված ազատամարտիկի ծննդյան օրը։ Ահա այն.
Ծլարձակում են երազները, և այդ երազները հետո կյանք են առնում։ Ուղիղ 21 տարի առաջ այս նույն օրը որպես երազ աշխարհ եկար նաև դու, Աստծո շնորհներով օժտված ծանոթ-անծանոթ կրտսեր իմ եղբայր ու իմ բարեկամ։ Ծանոթ, որովհետև վերջին Ամանորի գիշերը քո հեղինակած երգի՝ «Աշնան վերջին շողերն են հեռանում» սքանչելի կատարումով կապույտ էկրանից, հազարների նման ծանոթացար, մտերմացար նաև ինձ, և ես այնքան սիրեցի լուսանկարիցդ այժմ ինձ նայող քո տխուր– տխուր աչքերի թախիծն ու սառած երգիդ տողերն ու հոգեպարար մեղեդին։ Ես հետո պիտի լինեի ձեր տանը, հոգուս շուրթերով համբուրեի վշտալլուկ մորդ՝ տիկին Հասմիկի արցունքամ ու ցաված աչքերը, թերթերի ցաքուցրիվ ձեռագրերդ, նոտագրված երգերիդ տողերն ըմբոշխնեի ու խնդրեի վշտի թուխպն հայացքում թաքցրած քո և իմ սիրասուն քույրիկին՝ Կարինեին, որպեսզի մոտենա դաշնամուրին ու հնչեցնի ավարտուն ու կիսատ երգերդ։ Հետո պիտի մոտենայի պատշգամբին, որտեղից պարզորոշ ուրվագծվում է մեր գոյամարտի նվիրյալների հավերժական կացարանն ու ննջատեղին՝ նոր սրբազան եռաբլուրը... Տեսնես ի՞նչ էիր մտածում, երբ հայացքդ սահում էր այդ ուղղությամբ։ Կասկածո՞ւմ էիր, արդյոք, որ երգի, երաժշտության սիրահար քո հոգին փութալու է դեպի այնտեղ՝ դեպի հրեշտակային մաքրություն։ Իսկ հիմա մորդ արտասվաթոր հայացքն է ժամերով համրանում Եռաբլուրի բարձունքին...
Ահա ծոցատետրդ, ուր քո սիրտն է տրոփում.